Հայաստանի իշխանությունը նոր մոտեցում ունի տեխզննման և գազի բալոնների ստուգման հարցում

Տեխզննումը հաճախ անցկացնում են հենց այնպես` չմտահոգվելով որակի մասին։ Այժմ տրանսպորտի նախարարությունը կիմանա, թե յուրաքանչյուր ավտոմեքենան ով և ինչպես է ստուգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կուժեղացնեն մեքենայի գազաբալոնների և տեխզննման վերահսկողությունը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ գազով շահագործվող ավտոմեքենաները պետք է բալոնները ստուգման տան ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ։ Սակայն գործնականում այդ պահանջը ոչ բոլորն են անում։ Իսկ գազաբալոնների տեղադրմամբ և ստուգմամբ զբաղվող կայանները ոչ միշտ են արտոնագրվում նախարարությունում։

Նույնը վերաբերում է տեխզննմանը։ Տեխզննումը պարտադիր է, բայց ոչ բոլոր ընկերություններն են իրենց գործը պատշաճ ձևով կատարում։ Նախարարի խոսքով` օգնության կգան թվային տեխնոլոգիաները։

«Մենք ուզում ենք բոլոր ավտոմեքենաների վերաբերյալ տվյալների բազա հավաքել, որպեսզի երևա, թե որ մեքենան երբ է ստուգում անցել։ Այդ տվյալներից կկարողանա օգտվել նաև ոստիկանությունը` պատժելու համար անբարեխիղճ վարորդներին և տեխզննում իրականացնող ընկերություններին», — ասաց նախարարը։

Էլեկտրոնային տվյալների բազան կփոխարինի դիմապակուն փակցվող կտրոնին և դրա կարիքն այլևս չի լինի։