ՀՀԿ–ն դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած արտաքին քաղաքական կուրսից

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը համարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է վճռորոշ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական այն կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

Փաշինյանի թիմն ուզում է «սանձել» գերտերություններին. փորձագետը` ռիսկային խաղի մասին

Նրա հիմնական մտահոգությունն առնչվում է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք իր խոսքով, «լավագույն ժամանակները չեն ապրում»։

«Ակնհայտ է, որ սրա հիմքում ընկած են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի օրակարգին առնչվող հարցերը։ Հիմա մեկ Մոսկվա են գնում ու ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնում, մեկ գնում են Բրյուսել ու այնտեղ խնդիրները լուծել չեն կարողանում»,- ասաց Աշոտյանը։

Նրա կարծիքով` կառավարությունը պետք է սթափվի և իրատեսական ու ՀՀ շահերի վրա խարսխված արտաքին քաղաքականություն վարի։ Աշոտյանը միաժամանակ հիշեցրեց, որ տարածաշրջանում այսօր 2 գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություն է նախանշվում` Կասպից ծովի բաժանումը, որտեղ համընկնում են Իրանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի շահերը, և Իրան-ՌԴ-Ադրբեջան երկաթգծի ստեղծումը։ Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ՀՀ կառավարությունն այս ամենը հաշվի առնելով` պարտավոր է ավելի ադեկվատ արտաքին քաղաքականություն վարել։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախանշված հանդիպմանը, Աշոտյանը նկատեց, որ կարող է ՀՀ-ՌԴ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունների վերահաստատման հիմք դառնալ, բայց արդեն ոչ թե կենցաղային, այլ ռեալ պոլիտիկ մակարդակով։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը նախանշված է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում։