Վրաստանը հայ փոխադրողների համար նվազեցրել է Փոթիից ցորեն տեղափոխելու սակագինը

Վրաստանը գրեթե մեկ երրորդով նվազեցրել է Հայաստան ցորեն տեղափոխելու երկաթուղային սակագինը՝ սահմանափակելով ավտոտրանսպորտով փոխադրումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանը նվազեցրել է ցորեն ներկրելու և տարանցելու սակագինը հայ փոխադրողների համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով «Վրացական երկաթուղի» բաժնետիրական ընկերության մամուլի ծառայությանը։

Վրաստանի այդ որոշումն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա. Շարմազանով

Բեռնատարներով ցորեն տեղափոխելու արգելքը սահմանելուց հետո երկաթուղով տեղափոխելու սակագինը կնվազի գրեթե մեկ երրորդով ։

Փոթի սևծովյան քաղաք-նավահանգստի կայարանից Սադախլո կայարան (հայ-վրացական սահման) 150 հազար տոննա և ավելի ցորեն ու ցորեն-տարեկանի ալյուր տեղափոխելը կնվազի 30 տոկոսով։ Այսպիսով, հայկական ընկերությունները մեկ տոննայի համար կվճարեն 12,38 դոլար։

Տեղափոխման արտոնյալ գինը կգործի մինչև 2019թ-ի վերջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-н նույնպես նվազեցրել է երկաթուղային տրանսպորտով Փոթի-Հայաստան ուղղությամբ հացահատիկային բեռներ փոխադրելու սակագները։

Հիշեցնենք` Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով խոշոր բեռնատար ավտոմեքենաներով ցորենի և ալյուրի փոխադրումները` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստից և երկաթուղուց։

Վրաստանի իշխանությունների այս որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 15-ից։