Վրաստանում վթարի ենթարկված հայաստանցիներին կտեղափոխեն Երևան

Վրաստանում 2 շաբաթ բուժում ստացող հայաստանցիներին կտեղափոխեն Երևան։ Նախարարն այցելել է վթարի ենթարկված հայերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանում այցելել է ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող Հայաստանի երկու քաղաքացիներին։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքի էջում` հավելելով, որ վթարից տուժածներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսինը՝ կայուն ծանր։

Հերթական ավտովթարը Թբիլիսում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՀՀ և Վրաստանի առողջապահության նախախարների, բժիշկների և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվել է երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։

Հիշեցնենք, օգոստոսի 22-ին, ժամը 03։12-ի սահմանում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում բախվել էին «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին տուժել։

«ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել էին  «Միխայելովսկոյե» և «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի 4 ուղևորները տեղում համապատասխան բուժօգնություն  ստանալուց հետո հրաժարվել էին հոսպիտալացումից։