Հայաստանի կրթական ոլորտի «հիմնանորոգումը»․ ի՞նչն է պետք արագ տեմպով փոխել

Հայաստանի դպրոցներն ուսումնական տարին սկսում են տարբեր հարցերով ու խնդիրներով։ Որոշ դպրոցներում ընդունելության հայտերը չափազանց շատ են, որոշ դպրոցներում էլ զանգը դասարան է հրավիրելու մեկ-երկու աշակերտի։ Դասագրքեր, համազգեստ, դպրոցների լիցենզիաներ. շատ բան պետք է արագացված տեմպով լուծել։
Sputnik

Անկախ ամեն ինչից, սեպտեմբերի մեկը միշտ ինչ-որ նոր բան է բերում իր հետ` կայացրած որոշումների արձագանքի ակնկալիք ու առկա խնդիրների հետ կապված որոշ մտահոգություն։ Սա կրթական ոլորտի յուրահատկությունն է. որքան էլ լուծես խնդիրները, հայտնվում են նորերը, և այսպես անվերջ։

Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալել է երեխաներին և կարևոր հայտարարություն արել

Այս տարի նախարարը կոչ արեց երեխաներին դպրոցական համազգեստով չճնշել՝ սև ու սպիտակ հագուստը դպրոցականների համար պարտադիր չէ։ Միաժամանակ նա կոչ արեց երեխաներին չափազանց գույնզգույն հագուստով էլ չուղարկել դպրոց. շեղում է ուշադրությունը, հատկապես` փոքրերի։ Բայց փոքրերը կուզենան նմանվել այն երեխաներին, որոնք վառ ու, իրենց կարծիքով, գեղեցիկ են հագնված։

Նույնը վերաբերում է նաև հեռախոսներին։ Սովորական, կոճակով, էժան հեռախոսները, որոնք ափսոս չէ կորցնել, չեն շեղում ուսումնական գործընթացից ու ծառայում են հենց բուն նպատակին՝ կապ են ապահովում։ Բայց որոշ դպրոցականներ ժամանակակից սմարթֆոններ ունեն` զանազան գրավիչ ու հետաքրքիր ծրագրերով, որոնք շեղում են նրանց։ Ու հենց այդպիսի հեռախոսներն են խանգարում ուսմանը։

Սրանք ամենևին էլ ծնողների ու ուսուցիչների ամենաարդիական հոգսերը չեն։ Որոշ դպրոցներում սովորելու ցանկություն ունեցողների տեղատարափ է, իսկ որոշները դատարկ են (այդպիսի դպրոցները հիմնականում փոքր գյուղերում են)։ Երևանում կան այնպիսի դպրոցներ, որոնք ավանդաբար ավելի հեղինակավոր են համարվում, շատերը ձգտում են այնտեղ սովորել, ընդ որում՝ ոչ միայն համեմատաբար ավելի ուժեղ մանկավարժական կազմի համար, այլ տրանսպորտի հարմարավետության պատճառով։

Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան

Ուսումնական տարվա պատրաստության արտաքին կողմը վկայում է, որ ցավոտ խնդիրներ չկան։ Բայց ներքին, ոչ ակնհայտ խնդիրները չեն անհետացել։ Օրինակ՝ դասագրքերի հարցը։ 

Ծնողները դասագրքերում ակնհայտ սխալներ ու թյուր տեղեկություններ են նկատում։ Մասնագետներն ավելի խորն են նայում ու դասագրքերի լեզվի հետ կապված խնդիրներ են գտնում։ Դա վերաբերում է ցանկացած առարկայի ձեռնարկներին, հատկապես` միջին ու ավագ դպրոցի համար։

Շատ են ուղղագրական ու կետադրական սխալները։ Սխալ են գրվում անուններն ու աշխարհագրական անվանումները, հաճախ սխալ են թարգմանվում եզրույթները, կամ նույն նյութում նույն եզրույթի հոմանիշներ են նշվում, ինչը դժվարացնում է նույնիսկ մասնագետների ընկալումը, էլ չխոսենք երեխաների մասին։ Այս մասին են բարձրաձայնում մասնավորապես ՀՀ ԳԱԱ-ի փորձագետները։

Դեռ թարմ տեղեկություն չկա այն մասին՝ արդյո՞ք հին դասագրքերին փոխարինող գրքեր մշակվում են, թե ոչ, բայց դրանց անհրաժեշտությունը վաղուց է հասունացել։ Փոխարենը կրթության նախարար Արայիկ Հարությունյանը դեռ հուլիսին խոսում էր մի քանի տասնյակ աշակերտ ունեցող դպրոցների խնդիրների մասին։

Նախկին մոտեցումն այս էր` այդպիսի դպրոցներն ամենայն հավանականությամբ պետք է փակվեն, որովհետև ֆինանսական առումով շահավետ չեն։ Հարությունյանը դեռ հուլիսին խոստացել էր, որ այսուհետ դպրոցները գործելու են, իսկ մասնագետները ֆինանսական արդյունավետության հարցի լուծումներ են առաջարկելու․ տարբեր նախագծեր են դիտարկելու ու օպտիմալ լուծում են ընտրելու։

Ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է. նախարարն ասաց` երբ

«Կարծում ենք, որ ֆինանսական արդյունավետության հարցը կարելի է լուծել հետևյալ կերպ․ փոքր ու հեռավոր համայնքներում կբացվեն կրթամշակութային կենտրոններ, որոնք իրենց մեջ կմիավորեն մանկապարտեզը, դպրոցն ու մշակութային կենտրոնը», — ասել է Հարությունյանը։

Նախարարը նաև նշել է, որ կրթության մակարդակի անկում կա, ընդ որում՝ նաև մեծահասակների մոտ։ Դա պետք է շտկել, եթե նախարարությունն է ընդգծում։ Կառուցելը շատ ավելի բարդ է ու երկարատև, քան քանդելը, բայց ինչ-որ ժամանակ պետք է սկսել։

Մի երկու ամսից այլ խնդիրներ էլ ի հայտ կգան։ Ժամանակի ընթացքում ավելի հասկանալի կլինի՝ ինչն է պետք անհապաղ լուծել, իսկ ինչը դեռ կարող է սպասել։ Կարևորը` շատ երկար չսպասենք, որպեսզի նորից «հիմնանորոգման» կարիք չառաջանա։