ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատանը տեղի ունեցած ավազակային հարձակման մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Shamshyan.com-ը հայտնում է, որ հանցագործության մեջ կասկածվողներից մեկը երկար տարիներ եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահը։
Ոստիկանությունն այսօր հայտնել էր, որ Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակման մեջ կասկածվողներից երկուսի ինքնությունը պարզվել է, և օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում է ՀՀ ոստիկանությունում, կոչումով՝ ավագ։
Shamshyan.com-ի տեղեկություններով` մյուս կասկածյալը` 49 տարեկան Գագիկ Դանոյանը, Մկրտչյանի համագյուղացին է և նրա աները։ Հենց նա է երկար տարիներ եղել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի թիկնապահը։
Դանոյանին այժմ որոնում են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքը հայտնում է, որ Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, որն ավելի քան 15 տարի բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ, երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։
Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացել էր վնասազերծել նրանցից մեկին։