Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ինչպե՞ս կդիմավորեն սեպտեմբերի 1-ը

Ձերբակալության պահին քույրերից երկուսը սովորում էին 11-րդ դասարանում, մեկը` բժշկական քոլեջի երկրորդ կուրսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Հորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող Խաչատուրյան քույրերից երկուսը չեն ավարտել դպրոցը և սեպտեմբերի 1-ից կշարունակեն ուսում ստանալ մոսկովյան մեկուսարանին կից դպրոցում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Պատիժների կրման դաշնային ծառայության մոսկովյան վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Ցիգանկովը։

Նրա խոսքով` դա սովորական դպրոց չէ, այնտեղ ուսուցումն իրականացվում է տեսակապի միջոցով։

«Նրանց մոտ ուսուցիչներ չեն գալիս, այնտեղ հեռահար ուսուցում է իրականացվում.,- ասել է Ցիգանկովը։

Հայտնի է, որ ձերբակալության պահին Անգելինա և Մարիա Խաչատուրյանները սովորում էին 11-րդ դասարանում, Քրիստինե Խաչատուրյանը` բժշկական քոլեջի երկրորդ կուրսում։

«Դուք այնպես եք արել, որ աղջիկները սպանեն հորը». մեղադրանք՝ Խաչատուրյան քույրերի մորը

Ցիգանկովն ասել է, որ հաջորդ շաբաթվանից այդպիսի ուսուցում կանցնեն 30 ձերբակալվածներ։

Հիշեցնենք` աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին, որ սպանել են իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին։

Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։