Ծանոթ, բարեկամ ու թիկունք. Փաշինյանը երեխաներին ասել է` ինչ է փոխվել նոր Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է 34 երեխաների ու նրանց հայտնել, թե կրթությանն ու գիտելիքին ինչ կարևոր դեր է վերապահված նոր Հայաստանում։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Կենգուրու-2018» և «Մեղու-2017» մրցույթներում լավագույն արդյունք արձանագրած 34 աշակերտներին։

Փաշինյանը երեխաներին մեդալներ ու հավաստագրեր է հանձնել:

Վարչապետն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ 21-րդ դարում կրթությունը յուրաքանչյուր մարդու ամենօրյա անելիքն է:

«Ինչպես էր ընդունված ընկալել հաջողության ճանապարհը ոչ հեռավոր անցյալում, դրա համար անհրաժեշտ էր ունենալ լավ ծանոթ, բարեկամ և թիկունք, ինչպես նաև լավ հմտություն, որոնք կապված չէին կրթության հետ: Նոր Հայաստանում հենց սա է փոխվել, որ ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված չէ ուրիշներից: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունը կախված է ձեզանից, որովհետև նոր Հայաստանի նոր կառավարության ամենակարևոր առաքելությունն այն է, որ մենք կարողանանք հնարավորությունների այս հավասար և ընդլայնված դաշտը ստեղծել»,- ասաց Փաշինյանը:

«Այբ» հիմնադրամի տվյալներով` «Մեղու-2017» հայերենի մրցույթին մասնակցել են 38 հազար 743 դպրոցական` Հայաստանի և Արցախի 991 դպրոցներից, իսկ «Կենգուրու-2018» միջազգային մաթեմատիկական մրցույթին` 43 հազար 941 դպրոցական` Հայաստանի և Արցախի 1070 դպրոցներից: