Մենաշնորհը վերացված է. ՊԵԿ–ը դադարեցնում է «Նորֆոլկի» գործունեությունը

Կարգո այլևս չի լինի, ներմուծողներն այսուհետև մաքսային մարմիններում իրենք են հայտարարագրելու ներմուծված ապրանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նշված է, որ իրավահաջորդության կարգով նույն գործառույթներն իրականացնող որևէ այլ ընկերություն, այդ թվում՝ պետական մասնակցությամբ, չի ստեղծվել և չի ստեղծվելու։

«Այսուհետև բոլոր տնտեսվարող սուբյեկտները մաքսային մարմիններում իրենք են հանդես գալու որպես ներմուծված ապրանքների հայտարարագրում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում օժանդակելու նպատակով ՊԵԿ-ի կազմում ձևավորվել են 2 նոր՝ գանձումների և ձևակերպումների ստորաբաժանումներ։

Անանյան. ««ՆորՖոլկի» գործառույթները կիրականացնի նոր ընկերությունը»

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մենաշնորհով օժտված «ՆորՖոլկ Քոնսալթինգ» ընկերությունը լուծարվելու է, իսկ դրա գործառույթներն իրականացնելու է նոր ստեղծվելիք պետական մասնակցությամբ բաժնետիրական այլ ընկերություն:

Հիշեցնենք` վերջին տարիներին բեռնափոխադրումների մաքսային կարգո ծառայությունների ոլորտում աշխատող «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերությունն այդ բնագավառում գերիշխող դիրք ուներ։

2018թ-ի մայիս ամսին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու ևս երեք աշխատակիցներ ձերբակալվել էին, քրեական գործով որպես վկա հարցաքննության էին կանչվել ՀՀ ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալներ: