Հայկական բանակը «գրոհում է» երկինքը. ո՞վ կօգնի նրան շեշտն ավիացիայի վրա դնել

Հայաստանի ռազմական ղեկավարությունը խաղադրույք է կատարում բազմաֆունկցիոնալ ավիացիայի զարգացման վրա։ Մի շարք հետաքրքիր տարբերակներ կան, որոնք կօգնեին այս խնդրի լուծմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի ռազմական ղեկավարությունը պետք է շատ լուրջ ծավալի աշխատանք կատարի կործանիչ ավիացիայի ստեղծման համար։ Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։

Ոչ միայն ցամաքում, այլև օդում. հայկական բանակը ավիացիա ձեռք կբերի

ՀՀ պաշտպանության նախարարը օգոստոսի 28-ին հայտարարեց այն մասին, որ մոտ ապագայում բազմաֆունկցիոնալ ավիացիա կստեղծվի։ Հայկական բանակը մինչ օրս ընդգծված «ցամաքային» կերպար ուներ, իսկ օդում գերիշխելու պայքարում շեշտը դրվում էր ՀՕՊ հզոր համակարգերի և ցամաքային հրթիռային ուժերի վրա։ Սակայն, Տոնոյանի կարծիքով, ժամանակները փոխվել են։ Եվ ԶՈՒ մանևրայնությունը բարձրացնելու համար կործանիչ և ռմբակոծիչ ավիացիա է անհրաժեշտ։

Ներսիսյանը սա կարևոր, սակայն միևնույն ժամանակ դժվար խնդիր է համարում` հաշվի առնելով ինքնաթիռների և դրանց սպառազինության ձեռքբերման, օդաչուների նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր։

«Կարելի է, իհարկե, նույն Սու-30 ՍՄ–ի մի քանի միավոր գնել` 22 – 22,5 մլն դոլար վճարելով յուրաքանչյուրի համար։ Սակայն, չէ՞ որ մենք հասկանում են, որ լիարժեք ավիացիայի ստեղծումը ավելին է», – ասաց նա։ Այն, որ խոսքը Սու-30 ՍՄ–ի մասին է, Ներսիսյանը գրեթե չի կասկածում, քանի որ շուկայում Հայաստանի համար հասանելի այլ տարբերակները քիչ են։

Ավելի վաղ, այս մեքենաների ձեռքբերման վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունների մասին հայտնել էին նաև պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած Sputnik Արմենիայի աղբյուրները։ Բավական հզոր ժամանակակից մեքենաներ են։ Սու-30 ՍՄ–ն կարող է օգտագործել սպառազինությունների լայն գործիքակազմ, օրինակ, նույն Х59 МК2–ը, որ կարող է ստացիոնար թիրախներին հարվածել 285 կմ հեռավորությունից։ Այն նաև կարող է արդյունավետ պայքարել հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի դեմ։

Ներսիսյանի կարծիքով, Ռուսաստանում սա Հայաստանի համար միակ օպտիմալ առաջարկն է։

Երևանի հնարավորությունները նմանատիպ մեքենաներ այլ երկրներում և այլ շուկաներում ձեռք բերելու հարցում  չափազանց սահմանափակ են, ինչպես քաղաքական, այնպես էլ զուտ ֆինանսական պատճառներով։

Ո՞վ առաջինը կստանա ռուսական նոր կործանիչները. Հայաստա՞նը, Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան

Ներսիսյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի սպառազինությունն այսօր համալրված է ընդամենը 15 հնացած Սու-25 գրոհիչ ինքնաթիռներով։ Եվ բացի Սու-30 ՍՄ ձեռք բերելուց, կարելի է արդիականացնել նաև այդ մեքենաները։ Արդիականացման լուրջ փաթեթներ կան` Սու-25ՍՄ3-ը օրինակ։

«Այս փաթեթը ինքնաթռից այդ բավական հզոր ավիացիոն հարթակ է ստեղծում։ Այն  օգտագործում է ժամանակակից կառավարվող հրթիռային և ռմբային սպառազինությունը, և զենքի մեծ մասը հարմար է նաև Սու-30ՍՄ–ի համար։ Այդպիսով` Սու-30ՍՄ ձեռք բերելով և արդիականացնելով արդեն առկա Սու-25-ը, կարելի է քիչ թե շատ յոլա գնալ սպառազինության պահեստային տեսակներով», – կարծում է նա։

Փորձագետը կարծում է, որ բազմաֆունկցիոնալ ավիացիայի ստեղծման ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ` հաշվի առնելով դրա թանկ լինելը։ Հայաստանում կործանիչ ավիացիա չկա և երբեք չի եղել, և 12 ինքնաթիռից պայմանականորեն էսկադրիլիա ձեռք բերելն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ նախապատրաստված օդաչուներ չկան, ենթակառուցվածքներ չկան։

«Կարծում եմ, կարելի է լուծել երկու պայմանագրերի ստորագրման հարցը` սկզբում չորս ինքնաթիռների մատակարարման համար։ 2 տարվա ընթացքում այդ 4 ինքնաթիռները կմատակարարեն, դրանք կսկսեն աստիճանաբար գործարկվել, հայ օդաչուները անհրաժեշտ գիտելիք և փորձ ձեռք կբերեն, այնուհետև կարելի է արդեն իրականացնել երկրորդ պայմանագիրը` ավելի խոշոր», – ասաց նա։

Ներսիսյանի խոսքով` կարելի է պայմանավորվել ռուսական կողմի հետ «Էրեբունի» ավիաբազայում առկա ՄիԳ-29-ները այդ նույն Սու-30-ններով փոխարինելու մասին, ինչը թույլ կտա նաև լուծել սպասարկման խնդիրը` հավասար կիսելով ծախսերը։

Ինչպես արդեն նշել էինք, մեկ Սու-30ՍՄ–ի գինն առանց սպառազինության մոտ 22,5 մլն դոլար է կազմում։ Իսկ ամբողջական փաթեթը 50 մլն դոլար կարժենա։