Դավիթ Տոնոյանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Նախիջևանի սահմանին տիրող իրավիճակը

Նաև քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ:

Ամերիկյան «խորհուրդներ» հայ գործարարներին. դեսպանը հատում է թույլատրելիի սահմանը

Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է ԱՄՆ նահանգային համագործակցության շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ փոխգործակցության 15 ամյակի միջոցառումների անցկացումը այս տարվա սեպտեմբեր ամսին:

Կողմերն անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության այլ օրակարգային հարցերին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող թեմաներին:

Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է շփման գծում հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջևանի հատվածում տիրող իրավիճակը: