Պատգամավորները կհավաքվեն, կաշառատուները կպատժվեն. Փաշինյանը պահանջեց գերազանց ստանալ

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է ևս մեկ արտահերթ նիստ գումարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Սեպտեմբերի 6-ին, ժամը 11-ին Ազգային ժողովը ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարի ու դարձյալ կառավարության առաջարկով։ Այս նախաձեռնության որոշումն այսօր կայացվեց ՀՀ կառավարության նիստում։

Անակնկալ ՔՊ-ից. ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը

Առաջարկի նախագծի հեղինակը ՀՀ արդարադատության նախարարությունն է։ Արտահերթ նիստի օրակարգում կլինեն Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ուղղված են ընտրակաշառքների համար պատիժները խստացնելուն։

Ինչպես կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, օրենքի փոփոխությունից հետո վարչական իրավախախտում է համարվելու նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Նույն հոդվածի երկրորդ մասով վարչական պատասխանատվություն է սահմանվում նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու համար:

Առաջարկվող կարգավորմամբ ակնկալվում է նաև հստակեցնել ընտրակաշառք տվողի համար նախատեսվող պատիժը և քրեականացնել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքներ՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, կաշառք խնդրելը, ընտրողին կաշառք առաջարկելը, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց բոլոր նման երևույթների բացառումն ու նշեց, որ այդ առումով Երևանի ավագանու ընտրությունները քննություն են լինելու և գերազանց ստանալու խնդիր դրեց իշխանության առջև ։