Օրբելյանն ու Մակունցը գժտվա՞ծ են.Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը բացել է փակագծերը

Կոնստանտին Օրբելյանը ներկայացրել է Օպերային թատրոնի բոլոր խնդիրներն ու ծրագրերը, ինչպես նաև հայտնել, որ մտադիր չէ լքել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Անկախ մի շարք խնդիրներից և միջոցների պակասից, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը պարբերաբար հյուրախաղեր է ունենում և նոր բեմադրություններ ներկայացնում։ Այս մասին հինգշաբթի հրավիրված մամուլի ասուլիսին ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Օրբելյանը չի հեռանում. «Կախարդական սրինգը» կմեկնի ԱՄԷ և Քուվեյթ

«Թատրոնի տանիքից կաթում է, նոր գործիքներ են անհրաժեշտ, մի շարք ֆինանսական խնդիրներ կան, սակայն փորձում ենք մեր ջանքերով լուծել դրանք և շարունակում ենք հյուրախաղեր ունենալ։ Սեպտեմբերի 6-10-ը Դուբայում կներկայացնենք Ժորժ Բիզեի «Կարմեն» և Վոլֆգանգ Մոցարտի «Կախարդական սրինգը» օպերաները», – ընդգծեց նա։

Օրբելյանին չի վշտացնում այն փաստը, որ թատրոնին ու անձամբ իրեն մշտապես քննադատում են։ Նրա խոսքով` ինքն արդեն սովորել է նման վերաբերմունքին, քանի որ իր ամբողջ գործունեության ընթացքում ժամանակ առ ժամանակ բախվել է ամբիցիաների և դժգոհությունների, սակայն շարունակել է կատարել իր աշխատանքը։

Այս համատեքստում Օրբելյանը նշեց, որ առաջիկա երկու ամիսները թատրոնի համար լարված կլինեն։ Օպերային ներկայացումների և բալետների մի շարք պրեմիերաներ են սպասվում։

Բացի այդ, Օրբելյանը հայտնեց, որ թատերախումբը 2020 թվականին ԱՄՆ է հրավիրված։

Ինչ-որ բան չհասցնելու մտավախություն ունեմ. Մակունցը` իր պաշտոնավարման 100 օրվա մասին

«25-30 ելույթ է նախատեսված։ Բավական լայնածավալ ծրագիր է։ Մեր թատրոնը երբեք նման մեծ նախագծով ԱՄՆ–ում հանդես չի եկել, փորձելու ենք ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով», – ընդգծեց Օրբելյանը։

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը կրկին հերքել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ լարված փոխհարաբերությունների մասին տեղեկությունը։ Նա նաև անդրադարձել է նախարարի վերջին հայտարարությանն այն մասին, որ Օրբելյանը պետք է թատրոնի առողջացման ծրագիր ներկայացնի և մնա միայն մեկ պաշտոնում (այժմ նա զբաղեցնում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի պաշտոնները, երբեմն էլ հանդես է գալիս որպես դիրիժոր)։

«Պայմանագիր եմ ստորագրել որոշակի ժամկետով, և եթե աշխատանքս չհավանեն, ապա թող այն չերկարացնեն», – ընդգծեց Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Օրբելյանին Հայաստան էր հրավիրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին Սարգսյանի հրամանով նա պարգևատրվել էր բարեկամության շքանշանով` հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրումի համար։ Իշխանափոխությունից և 85 մլն դրամի չափով թատրոնի բյուջեի կրճատումից հետո ԶԼՄ–ներում պարբերաբար տեղեկություն է հայտնվում, որ Օրբելյանն ուզում է լքել պաշտոնը։