ՀՀԿ–ն ձեռքերը ծալած չի նստելու. «Ժողովուրդ»

Թերթը գրում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը կիսվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Քսան տարի շարունակ իշխանության ղեկին նստած և այս տարվա ապրիլին իշխանությունից հեռացված ՀՀԿ-ն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ձեռքերը ծալած չի նստելու և փորձելու է ներքին կարգով սատարել։

Անակնկալ ՔՊ-ից. ընտրություններից առաջ քաղաքական ուժերի դասավորվածությունը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում ՀՀԿ-ն երկու մասի է կիսվել։ Այն խումբը, որ գումարի դիմաց մշտապես զբաղված է եղել ընտրություններում այստեղից-այնտեղից ձայներ բերելով, և մեծ հաշվով կարևոր չի եղել գաղափարախոսությունը, այս անգամ իր լծակները կուղղի ԲՀԿ-ին օգնելուն, իհարկե, առանց ընտրակաշառք բաժանելու, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատակամ է ընտրակաշառքի դեմն առնելու հարցում։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի մյուս, ավելի «էլիտար» հատվածին, ապա յան իր ռեսուրսներն ուղղելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակա Զեյնալյանին սատարելուն։

Օրաթերթը երեկ փորձել է մեկնաբանություններ ստանալ ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն նրանք գերադասել են լռել` պնդելով, որ պաշտոնական որոշում չունեն։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մայրաքաղաքում կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։

Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան»  և «Հանրապետություն»  կուսակցություններն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ–ի թեկնածուն` Մհեր Շահգելդյանը, ՀՅԴ–ի թեկնածուն`Միքայել Մանուկյանը։