Գերմանիայում էլ այսպիսի բան պետք է լինի. Մերկելին գրավել է հայկական նորարարությունը

Շուտով «Թումո» կենտրոններ կբացվեն Փարիզում ու Բեյրութում։ Իսկ վերջերս այն գնահատել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Գերմանիան պետք է ընդօրինակի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փորձը։ Այս մասին Reuters պարբերականի հետ զրույցում ասել է Գերմանիայի թվային զարգացման հարցերի պետնախարար Դորոթեա Բերը։

Նախորդ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայաստանյան այցի ժամանակ «Թումո» էր գնացել։ Նրան ու պատվիրակության անդամներին շատ էր դուր եկել, որ երեխաներին ծրագրավորում են սովորեցնում խաղային մթնոլորտում։

«Կփորձեմ այդպիսի նախագիծ իրականացնել Գերմանիայում», — ասել է նախարարը։

Հրապարակման մեջ նշվում է, որ նորարարական տեխնոլոգիաների ուսուցանումը Գերմանիայում այդքան էլ բարձր մակարդակում չէ։ Թեև երեխաների համար նախագծեր կան, բայց դրանք հեռու են «Թումոյից»։

Կանցլերն ու միլիոնատերը. ինչո՞վ են նման Մերկելի և Բիլզերյանի երևանյան այցերը

Նախարարը նկատել է նաև, որ հայկական կենտրոնում բազում աղջիկներ կան։ Նրա խոսքով` 6-10 տարեկանում երեխաները խանդավառությամբ են ընկալում այն ամենը, ինչը կապված է տեխնոլոգիաների հետ, իսկ աղջիկների ու տղաների հետաքրքրություններն այդ տարիքում շատ չեն տարբերվում, և բոլորը յուրացնում են ծրագրավորման հիմունքները։

Գերմանացիներն առաջին չեն, որ հիանում են «Թումոյով»։ Հունվարին Երևան էր այցելել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը նույնպես անտարբեր չէր մնացել «Թումոյի» նկատմամբ։ Շատ շուտով` արդեն սեպտեմբերին, այդպիսի կենտրոն կբացվի Փարիզում, իսկ նոյեմբերին` Բեյրութում։

Մոսկվայում, Տիրանայում և մի քանի այլ քաղաքներում այդպիսի կենտրոններ կբացվեն երկու տարվա ընթացքում։

«Երբ տեսնում եմ` որքան ծրագրավորի կարիք կարող ենք ունենալ նույնիսկ փոքր ու միջին բիզնեսում, միայն մի եզրակացություն եմ անում. մենք պետք է անընդհատ ասենք երիտասարդներին, որ փորձեն հետաքրքրվել դրանով», —Մերկելն այս մասին ասել է դեռևս 2017 թվականի մայիսին։

Reuters —ը նշում է, որ հիմա պետք է մտածել` ինչ է պետք անել Netflix-ի, սմարթֆոնների ու սոցցանցերի սերնդի երեխաներին ծրագրավորման հիմունքներ սովորեցնելու համար։