ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Քաղաքական ուժերը` սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար իրենց համամասնական ցուցակներն են ներկայացրել ԿԸՀ։ Օգոստոսի 29-ին ԿԸՀ–ում ավարտվեց թեկնածուներին գրանցելու գործընթացը։
Նախընտրական փուլի գլխավոր անակնկալը դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշումը` ընտրություններին մասնակցել «Առաքելություն» կուսակցության հետ համատեղ` կազմելով «Իմ քայլը» դաշինքը։ Դաշինքի ցուցակում 170 թեկնածու է ընդգրկված։ Ցուցակում առաջինը հայտնի հումորիստ Հայկ Մարությանն է, այնուհետև Սրբուհի Ղազարյանն ու Սերգեյ Սարգսյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին համախոհ` «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն «Լույս» միասնական դաշինքի կազմում։ Կուսակցությունը քաղաքապետի պաշտոնին է առաջադրել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Երկրորդը ցուցակում (որում ընդամենը 111 թեկնածու կա) Դավիթ Խաժակյանն է, երրորդը` Անի Խաչատրյանը։
Խաժակյանը լրագրողներին հայտնեց, որ դաշինքի ներկայացուցիչները Ավագանիում աշխատելու լուրջ փորձ ունեն, և, ըստ նրա, հասարակությունը կգնահատի այդ առավելությունը։
Երրորդ դաշինքը ձևավորել է «Գալա»–ն` Հայաստանի կանաչների և 10 ՀԿ–ների կուսակցությունը։ Համամասնական ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, նրան հաջորդում են Արամ Գրիգորյանն ու Արմեն Հովհաննիսյանը։
Քաղաքապետի պաշտոնին հավակնող Թարխանյանը հայտարարել էր, որ ընտրությունների է գնում ձայների մեծամասնությունը ստանալու մտադրությամբ։
«Բարգավաճ Հայաստանը» 197 թեկնածուից բաղկացած ընդարձակ ցուցակ է ներկայացրել։ Քաղաքապետի նրանց թեկնածուն` «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է։
Սպասվածի համաձայն` «Երկիր ծիրանիի» ցուցակը գլխավորել է կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, երկրորդ և երրորդ տողերը ցուցակում զբաղեցնում են նրա հավատարիմ համախոհները` Սոնա Աղեկյանն ու Մարինե Խաչատրյանը։ Կուսակցությունն ընդհանուր առմամբ 56 թեկնածու է ներկայացրել։
«Ժառանգություն» կուսակցությունը այդպես էլ չստացավ որևէ դաշինքին միանալու հրավեր և որոշեց միայնակ մասնակցել ընտրություններին` 47 թեկնածուով։ Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ Ցուցակում նրանից հետո կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է և կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
Ինչ վերաբերում է «Վերածնունդ» կուսակցությանը (ավելի վաղ «Օրինաց երկիր»), ապա 115 թեկնածուի անունով համամասնական ցուցակ է ներկայացրել, որը գլխավորում է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը։
Սպասվող ընտրություններին «ՀՅԴ»–ի մասնակցությունը ևս անակնակալ էր երևանցիներից շատերի համար, քանի որ անցած անգամ կուսակցությունը չէր մասնակցել ընտրություններին։ Այսօր «ՀՅԴ»–ն 77 թեկնածուից կազմված ցուցակ է ներկայացրել։ Այն գլխավորում է Միքայել Մանուկյանը, նրանից հետո ցանկում նշված են Դավիթ Հակոբյանի և Խաչատուր Ստեփանյանի անունները։
Ընտրություններին մրցելու ցանկություն հայտնած մի քանի քիչ հայտնի կուսակցություններ ևս կան. մասնավորապես` «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան` քաղաքապետի թեկնածու) և Ռեֆորմիստների կուսակցությունը (Արտակ Ավետյանի գլխավորությամբ)։
Փաստաթղթեր են ներկայացրել նաև ավելի վաղ ընտրություններին մասնակցելու ցանկություն չհայտնած երկու կուսակցություն` «ՀԺԱՄ» և «Հայկազուններ»։
Ավելի վաղ ԿԸՀ փաստաթղթեր էր ներկայացրել «ՀՀՇ»–ն, որի քաղաքապետի թեկնածուն Արարատ Զուրաբյանն է։
Երևանի ավագանու արտահներթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին։ Օգոստոսի 29-ին ավարտվել է թեկնածուների գրանցումը։ Սեպտեմբերի 10-ից կմեկնարկի նախընտրական արշավը։