Վրաստանի այդ որոշումն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա. Շարմազանով

Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարը Շարմազանովին ասել է, որ պատրաստ է խնդիրը քննարկել գործընկերների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Գեորգի Վոլսկու հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Վրաստանը թույլ չի տա ցորենը բեռնատարներով փոխադրել. ինչպե՞ ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

Քննարկվել են հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերություններին, ինչպես նա Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ Հայաստան Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան առաջիկայում կատարելիք այցերի ժամկետներին վերաբերող հարցեր:

Էդուարդ Շարմազանովը բարձրացրել է Վրաստանի կառավարության որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած մտահոգությունը, ըստ որի սեպտեմբերի 15-ից հացահատիկն այլևս վերգետնյա տրանսպորտով Վրաստանի տարածքով չի կարող ներկրվել Հայաստան:

ՀՀ ԱԺ փոխնախագահը վրացի գործընկերոջը փոխանցել է հայկական կողմի մտահոգությունը՝ նշելով, որ Հայաստանն այլընտրանքային այլ ճանապարհ չունի:

«Վրաստանի կառավարության այդ որոշումն ուղղակիորեն ազդելու է մեր ազգաբնակչության կենսամակարդակի վրա, հացահատիկի շուկայում տանելու է գների բարձրացման»,- ընդգծել է Շարմազանովը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն առաջարկել է հարցը քննարկել վրացի խորհրդարանականների կառավարության ներկայացուցիչների հետ: Գեորգի Վոլսկին բարձրացված խնդիրն իր գործընկերների հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել: