ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ կսկսի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
Նրա խոսքով` կարևորագույն հարցերով Ռուսաստանի հետ փոխըմբռնում կար ու կա։ Դա թույլ է տալիս մտածել, որ Հայաստանի համար գազի գինը չի ավելանա։
Բանակցությունները շարունակվելու են նաև Իրանի հետ։ Հունիսին հայկական կողմն արդեն առաջարկել է Իրանին քննարկել` արդյո՞ք կարելի է ավելի շատ իրանական գազ ստանալ էլեկտրաէներգիայի դիմաց (3 կՎտ.ժ 1 խորանարդ մետր գազի դիմաց)։ Այս գազով աշխատում են միայն էլեկտրակայանները, այն չի հասնում ձեռնարկություններին կամ տներին։ Սակայն Հայաստանում արտադրված էլեկտրականության մի մասը երկրում է մնում։
«Դեռ դժվար է ասել` ինչ արդյունքի կհասնենք, բայց բանակցությունները շարունակվում են։ Մթնոլորտը բանակցությունների ժամանակ կառուցողական է և՛ ռուս, և՛ իրանցի գործընկերների հետ», – հայտնեց նախարարը։
Հիշեցնենք` Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 150 դոլարով հազար խորանարդ մետրի դիմաց։ Այդ գինը գործելու է մինչև 2018 թվականի ավարտը, սակայն բանակցությունների միջոցով այն կարող է պահպանվել։