ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա երեկ գիշերը կատարված հարձակման ժամական դատավորն ու նրա որդին դիմադրություն են ցույց տվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը` նոր մանրամասներ հրապարակելով աղմկահարույց միջադեպից։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն`Արման Մկրտումյանն ու նրա 30–ամյա որդին` Գոռ Մկրտումյանը, մինչ ոստիկանության ժամանելը դիմադրություն են ցույց տվել առանձնատուն ներխուժած անձանց։ Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է ինքնաձիգով զինված հարձակվողներից մեկին, մյուս երկուսը դիմել են փախուստի:
Ոստիկանությունը հրապարակել է նաև Մկրտումյանների վնասազերծած հարձակվողներից մեկի ինքնությունը։ Ըստ հաղորդագրության` նա Գյումրիի բնակիչ, 1976 թ. ծնված Հ. Ռիժենկոն է։ Վերջինս ձերբակալվել է:
Տեղեկացնում են նաև, որ դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն և լինգ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` օգոստոսի 28-ին, ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։