Արայիկ Հարությունյանն ասաց` ում է պետք համընդհանուր ներառական կրթությունը

ՀՀ կրթության և գիտության նախարարության համար ամենակարևոր գործառույթներից է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցնելը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական համակարգի։ Այս մասին այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցության ընթացքում։

Նա նշեց, որ բոլոր դպրոցներում այդ համակարգին անցնելն իր համար առաջնահերթություն է լինելու։ Նախարարը կարծում է, որ կրթության ներառական համակարգը կարող է ընկալել միայն այն հասարակությունը, որտեղ տիրում է սիրո, համերաշխության ու փոխադարձ օգնության մթնոլորտ։

«Ներառական կրթության համընդհանուր ներառման հասնելը պետք է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշակերտներին, այլև ողջ հասարակությանը»,- ասաց նա։

Հարությունյանն ընդգծեց, որ այդ համակարգին անցնելուց հետո նաև ուսուցչի օգնականի ինստիտուտ կստեղծվի։

Նշենք, որ Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ-ի երկրները բարձր են գնահատել համընդհանուր ներառական կրթությանն անցնելու հայաստանյան փորձը։ Հիմա այդ համակարգը քիչ թվով դպրոցներում է գործում, քանի որ շենքերի մեծ մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող երեխաների տեղաշարժի համար, և այդ ուղղությամբ մասնագիտացված կադրերի պակաս կա։