Վրաստանը թույլ չի տա ցորենը բեռնատարներով փոխադրել. ինչպե՞ ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

Արգելքը վերաբերում է ոչ միայն Հայաստան, այլև Թուրքիա, Ադրբեջան ու նույնիսկ Վրաստան գնացող բեռնատարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Վրաստանի կառավարությունը կարգելի ցորեն ներկրել մեծ բեռնատար մեքենաներով։ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտնեց Sputnik Արմենիային, որ արգելքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 15–ից։

Ամենաաղքատ մարզը կերակրում է հանրապետությանը. Շիրակում հացահատիկի բերքն աննախադեպ է

Հայաստանը գրեթե ամբողջովին ցորենը ներկրում է Ռուսաստանից, սակայն արգելքը դրա հետ կապ չունի։ Այն վերաբերում է ոչ միայն Հայաստան, այլև Թուրքիա, Ադրբեջան ու նույնիսկ  Վրաստան գնացող բեռնատարներին։

«Նրանք ուզում են պաշտպանել իրենց ճանապարհները մաշվելուց։ Հայտնի է, որ խոշոր բեռնատարները շատ ավելի արագ են շարքից հանում ճանապարհները, քան ուղևորատար մեքենաները։ Սակայն ցորեն տեղափոխելու ժամանակ բեռնվածությունն ավելի ուժեղ է, քանի որ ցորենը բեռնախցիկում խիտ է լցվում, դատարկ տեղեր չեն մնում», – ասաց Փամբուխչյանը։

Նա ընդգծեց, որ ծովով կամ երկաթուղով ներկրումը չի սահմանափակվում։

Հիշեցնենք`  Sputnik Արմենիայի հետ վերջերս կայացած զրույցներում ցորենի ներկրողները նշում էին,  որ վերջին տարվա ընթացքում ապրանքը հիմնականում մեքենաներով են բերել։ Նրանց խոսքով` այդպես ավելի էժան ու արագ է լինում։

Նշենք, որ տարբեր տարիների ընթացքում Հայաստանը 280 –  300 տոննա ցորեն է բերել։ 2017 թվականին ներմուծումը մոտ 308 հազար տոննա է կազմել։