Ազատ Դեմոկրատները պատրաստվում են ընտրություններին

Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում բացահայտել է իր առաջիկա ծրագրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ Դրա համաձայն` քաղաքական ուժն այս որոշումը կայացրել է մի շարք հանգամանքներ հաշվի առնելով։

Կուսակցությունը փաստում է, որ թավշյա հեղափոխությանը հաջորդած Երևանի ավագանու ընտրություններով, որոնք նախորդելու են ԱԺ արտահերթ ընտրություններին, չի հանգուցալուծվելու է Հայաստանում իշխանափոխության գործընթացը։

ՀՅԴ–ն կողմնորոշվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում. ո՞վ է նա

«Աջակցելով մեր երկրում սկսված փոփոխություններին` Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը համարում է, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիների իշխանության հաստատման համար ամենակարևոր քաղաքական գործընթացը լինելու է առաջիկայում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները, որի ընթացքն ու արդյունքներն են դառնալու ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների իրականացման անհրաժեշտ երաշխիքը»,– ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հաջողություն է մաղթում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին ու հայտարարում, որ կենտրոնացնում է իր ներուժն ու սկսում պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Իսկ դրա համար առաջիկայում հանդես է գալու նոր նախաձեռնություններով և ՀՀ քաղաքացիներին է ներկայացնելու Հայաստանի զարգացման իր տեսլականը։