ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի— Sputnik. «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ընդառաջ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն այսօր հանդես է եկել դասախոսությամբ:
Կարևորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացումն ու անձնակազմի մարտունակության ամրապնդումը՝ Դավիթ Տոնոյանը հայտնել է, որ Հայաստանը պլանավորվում է ձեռք բերել բազմաֆունկցիոնալ ավիացիա:
«Մինչև այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար` օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ և ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաև կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը` օգտագործման ճկունության և դիմակայունության առումով»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Առաջնագծի տեխնիկական արդիականացման ծրագրի շրջանակներում, նախարարի խոսքով, առաջնագիծն ապահովվել է տեսադիտարկման և հավաստանշման սարքավորումներով, որոնք թույլ են տվել զգալիորեն նվազեցնել անակնկալ դիվերսիաներ իրականացնելու հակառակորդի հնարավորությունները: Ընթացքի մեջ են առաջնագծում հակառակորդի հայտնաբերման, որոշումների կայացման, կրակային և ինժեներական միջոցներով հակառակորդի խոցման ու հասցված վնասների գնահատման ինտեգրված համակարգի ստեղծման միջոցառումները:
Նախարարն իր ելույթում կարևորել է նաև զինված ուժերում բյուրոկրատական քաշքշուքների ու արհեստական արգելքների վերացումը։ Իսկ գերակա խնդիրների շարքում առանձնացրել է մարտական հերթապահության կատարելագործման առաջնահերթությունը։
«Մեր նպատակն է զգալիորեն նվազեցնել անձնակազմի՝ հակառակորդի նշանառու կրակի տակ գտնվելու տևողությունը, բարձրացնել պաշտպանվածության և դիմակայունության աստիճանը, ինչպես նաև ավելացնել հակառակորդի դիվերսիոն խմբերի դարանակալման ու ոչնչացման հավանականությունը»,- նշել է նա։
Դավիթ Տոնոյանը կարևորել է նաև զինանձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության, նյութական ու բժշկական ապահովման և սոցիալական պաշտպանվածության մակարդակի առավել բարձրացման, ռազմակրթական համակարգի կատարելագործման, ինչպես նաև միջազգային կապերի ընդլայնման առաջնահերթությունները։