Պոկերի արքա Դեն Բիլզերյանը ՀՀ ԶՈՒ–մ հաշվառման է կանգնել

Հայտնի փլեյբոյը Հայաստան գալուց հետո հայկական անձնագիր է ստացել, հետո որոշել է հաշվառման կանգնել հանրապետության Զինված ուժերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը ՀՀ Զինված ուժերում հաշվառման է կանգնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ զինվորական կոմիսարիատից։

Դեն Բիլզերյանը հայկական անձնագիր է ստացել

«Այո, Բիլզերյանն այսօր հաշվառում անցավ ՀՀ Զինված ուժերում, նա ներկայացրեց անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը»,  – ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` պոկերի արքան, ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանն այսօր ժամանել է մայր հայրենիք։ Գիշերը Հայաստան ժամանած երիտասարդը եկել սեփական ինքնաթիռով։ Նրան ուղեկցում էր սևահեր մի գեղեցկուհի` Սուելին Մեդերեոսը, եղբայրը` Ադամը և հայրը` Փոլ Բիլզերյանը։ Նրանք իջևանել են Երևանի բարձրակարգ հյուրանոցներից մեկում։

Կանանց, ալկոհոլի, զենքի, մարիխուանայի և էքստրեմալ մարզաձևերի մոլի սիրահար, 37-ամյա Դեն Բիլզերյանը միշտ սոցցանցերի օգտատերերի ուշադրության կենտրոնում է. նա Instagram-ում ունի ավելի քան 23,5 միլիոն հետևորդ, իսկ Twitter-ում՝ 1,47 միլիոն։