Ավելորդ քա՞շ ունեք․ ձեզնով «կզբաղվի» հայկական նոր սարքը

Կոշիկի միջատակի տեսք ունեցող սարքը մշտապես հետևում է տիրոջ քաշին ու սկսում է «ծնգալ», երբ նա քաշ է հավաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հայկական սթարթափի սարքը կհետևի տիրոջ քաշին իրական ժամանակում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ընկերության համահիմնադիր Սարգիս Կարապետյանն ասաց, որ սարքի նախատիպն արդեն ստեղծվել է, ու արդեն հաջորդ տարի այն կարող է շուկայում հայտնվել։ Այն կոշիկի միջատակի տեսք ունի։

Շուկայում ֆիզիկական ակտիվության բազում տրեքերներ կան։ Սակայն հայկական սարքի առանձնահատկությունն այն է, որ այն ուղղակիորեն է քաշին հետևելու՝ իրական ժամանակի ռեժիմով։ Ավելին՝ նա անընդհատ «բզում» է տիրոջը, երբ կիլոգրամները դավաճանորեն ավելանում են։

Ինչպե՞ս սթարթափը «չգցել ոտքին». նոր գործ ձեռնարկելու գաղտնիքները

«Մարդիկ հաճախ են հասնում ցանկալի քաշին, բայց հետո վերադառնում են նախկինին։ Իսկ մեր սարքը ձեզ հանգիստ չի թողնի», — ժպտում է Սարգիսը։

Սարքից բացի սթարթափը հավելված էլ է  ունենալու։ Այն հնարավոր կլինի հեռախոսով ներբեռնել ու առցանց-խորհրդատվություններ ստանալ։ Հասարակ հարցերին պատասխանելու է չաթ-ռոբոտը։ Իսկ անհատական հարցերը կարելի է քննարկել իրական մարզչի հետ։

«Մենք կհավաքենք մարզիչների տվյալները մեր բազայում, ու օգտատերը կկարողանան կապվել նրանց հետ տեսազանգերի միջոցով։ Ավելին, ձեր մարզիչը կարող է տեսնել՝ օրվա ընթացքում ռոբոտը ձեզ ինչ է պատասխանել։ Դա կօգնի նրան հետևել ձեր վիճակին»,-ավելացրեց Սարգիսը։

Ընկերության հիմնադիրների շարքում կա նաև ԱՄՆ-ում սովորած ու աշխատած սննդաբան։ Թիմում կա նաև դիզայներ ու մի քանի ծրագրավորող։ Նրանք մի քանի նախատիպ են պատրաստել՝ սիլիկոնից ու հակաալերգիկ պոլիմերներից։

Թիմը դեռ չի որոշել՝ ինչպես «խելացի միջատակերի» արտադրությունը հիմնի։ Ուզում են գրել դրանց վրա «made in Armenia», բայց եթե հանկարծ չստացվի, ապա «designed in Armenia»-ի իրավունքը նրանք կունենան։ «Կապ ենք հաստատում աշխարհի տարբեր սարքեր արտադրողների հետ։ Սակայն փնտրում ենք նաև այնպիսի ընկերություններ, որոնք ինչ-որ ժամանակ Հայաստանում բժշկական տեխնիկա են արտադրել», — ասում է Սարգիսը։

Ընկերության հիմնադիրներն արել են իրենց առաջին քայլերը իրենց խնայողություններով։ Հետո դարձան Եվրամիության Eu4Business ու Գերմանիայի Միջազգային զարգացման գործակալության (GIZ) համատեղ ծրագրի հաղթողներից։ Հիմա սթարթափն աշխատում է ամերիկյան Smartgate վենչուրային հիմնադրամի հետ, որը ֆինանսավորում է  նախագծերը Հայաստանից։ Իսկ հետո մտածում են քրաուդֆայնդինգի մասին։