ՀՅԴ–ն կողմնորոշվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում. ո՞վ է նա

Նախկին պատգամավորը կգլխավորի ՀՅԴ համամասնական ցուցակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը։ Լուրը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար

Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ կարգախոսը լինելու է. «Միասին` հանուն Երևանի»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Միքայել Մանուկյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։

Դեռ երիտասարդ տարիներին զինվորագրվել է հայոց ազատամարտին, ՀՅԴ-ի նկատմամբ քաղաքական բռնաճնշումների տարիներին բանտարկվել է, ապա՝ արդարացվել։

Զբաղվել է կուսակցական ակտիվ գործունեությամբ՝ համակարգելով Դաշնակցության Հայաստանի կառույցների գործունեությունը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին:

Ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան»  և «Հանրապետություն»  կուսակցություններն իրենց հերթին առաջարկել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ–ի թեկնածուն` Մհեր Շահգելդյանը։