Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կառամատույցն ամբողջությամբ կվերականգնվի

32 տարի անց կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն ամբողջությամբ կվերականգնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը: Ընկերությունից հայտնում են, որ օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։ Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։

«Ռոսիա» կինոթատրոնի ներկան. ինչու են գերմանացի ճարտարապետները հոտնկայս ծափահարել հայերին

Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ տարածք։

«Շիրակ» օդանավակայանը գործում է 1961-ից: Օդանավակայանի ներկայիս շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982-ին: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինաշխատանքներ չէին իրականացվել, ինչի արդյունքում թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում:

«Արմենիա» միջազգային օդանավակայանների» միջոցներով 2007-ին թռիչքուղին ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է:

2007-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 30 տարով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան, որը հայկական կառավարության հետ ստորագրվել է 2001 թվականին: Սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: