ՌԱԴԻՈ

Փիլիպոսյան.«Ասացին` դուք այստեղ փողեր եք լվանում, ծախված մարդիկ եք, և հրմշտոց հրահրեցին»

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է օգոստոսի 22–ին Քարահունջի տարածքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
Sputnik
Աշոտ Փիլիպոսյան

«Մեզ մոտեցավ մի անձնավորություն, ասաց, որ ինքը լրագրող է` Արևհատ Ամիրյան և խնդրեց ասել, թե ինչ ենք անում։ Շատ հանգիստ ներկայացրեցի և այն պահին, երբ ասացի` սա հնագիտական դամբարան է, հուշարձան ենք պեղում, մարդիկ, որոնք նախապատրաստված եկել էին, հարձակվեցին իմ ու արշավախմբի անդամների վրա և սկսեցին ասել, որ դուք այստեղ փողեր եք լվանում, ծախված մարդիկ ենք, սուտ բաներ եք ասում։ Նրանք անընդհատ փորձում էին հրմշտոց, ծեծկռտուք հրավիրել։ Բարեբախտաբար, տղաներն ավելի լուրջ էին և բանը դրան չհասավ։ Փորձեցինք պարզաբանել, բայց անիմաստ էր, որովհետև եկել էր մի գինեկոլոգ, որը սկսեց խոսել աստղադիտարանի մասին, հասկացա, որ մարդ է, որ թողել է իր գործն ու եկել է զբաղվում է ուրիշի գործով»,–ասաց Փիլիպոսյանը։

Նրա խոսքով` դրանից հետո ասել էին, որ դիմելու են դատախազություն, որ սա իրենց հայրենիքն է։ «Ի՞նչ է նշանակում` իրենց հայրենիք, հայրենիքը բոլորինս է, Սիսիանն առանձին պետություն չէ։ Ինչքան Սիսիանի հուշարձանն է ինձ համար հարազատ, այնքան էլ Արարատյան դաշտավայրի ու մնացած տեղերի»,–նշում է Փիլիպոսյանը։

Փիլիպոսյանն ընդգծում է, որ պատմության հուշարձանների ուսումնասիրությունն իր մասնագիտությունն  է, և ինքն այդ աշխատանքը շարունակելու է, որովհետև կա հրաշալի նյութ, որը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր են Զորաց քարերը Մերձավոր Արևելքի վաղ մշակույթի ուսումնասիրության գործում։