Աշոտյանը ՌԴ դեսպանին առաջարկել է ԵԱՏՄ շրջանակում ստեղծել խորհրդարանական նոր ձևաչափ

Արմեն Աշոտյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Հայաստանի ներքաղաքական խնդիրները՝ կարևորելով բոլոր գործընթացներում ժողովրդավարական հենքի ու սահմանադրականության պահպանումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Արմեն Աշոտյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային ու եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամության համատեքստում:

ԵԱՏՄ ախորժակը` Հայաստանում աճող ամեն ինչի նկատմամբ գնալով բացվում է

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ և թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարեւորությունը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման եւ ավելի արդյունավետ գործունեության համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձևաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջեւ փոխգործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով եւ սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարևորությունը: