Սասնա ծռերն ու Հիմնադիր խորհրդարանը կստեղծեն կուսակցություն և կմասնակցեն ընտրություններին

Առաջիկայում ձևավորվելու է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու առաջիկա անելիքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռեր» խմբավորումը ստեղծելու են «Սասնա ծռեր» անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը` հավելելով, որ կուսակցության նպատակն է դառնալ ազգային քաղաքական կյանքի առաջատար մասնակից:

«Միայնակ գայլին» և Վարուժան Ավետիսյանին ազատ արձակեցին

««Սասնա ծռեր» անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայության համախմբմանը, «Սասնա ծռեր» էպոսում արտացոլված հավատամքային համակարգից բխող, նրա համամարդկային առաքելությունը վերաստանձնելու նպատակի շուրջ: Ըստ այդմ՝ կազմել ազգային ռազմավարություն և ձևավորել, և գործի դնել այն իրականացնելու ունակ համահայկական ցանցային կազմակերպվածք, որի միջուկն ու առանցքը պետք է դառնա հայկական պետությունը»,- ասաց Ավետիսյանը:

Ըստ «Սասնա ծռեր» կուսակցության՝ հայությունն արարչության լույսը տարածելու և հաստատելու համամարդկային առաքելություն ունի:

Նա պետք է վերատիրանա հայկական բարձրավանդակին՝ ամբողջացնելով իր արարչագործական տարածքը, ստեղծի հանուն ազգային իղձերի և մարդկային երջանկության գործող ինքնակառավարման համակարգ:

«Հայաստանում ոչինչ չի փոխվել. ընդամենը տականքները գնացել են, նորերը եկել են». Խանդոյան

Վարուժան Ավետիսյանը նաև հավելեց, որ առաջիկայում ձևավորվելու է «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու առաջիկա անելիքները:

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։

Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Ոստիկանների սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներից Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին։