ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնը» մոտ մեկ ամիս առաջ կրկին խոսեց «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետաքրքրության մասին։ Հոլդինգի ներկայացուցիչները (որտեղ կան գործարաններ Սլովակիայից, Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից) մի քանի անգամ եղել են Հայաստանում, իսկ հուլիսին տնտեսական զարգացման նախարարության հետ փոխըմբռնման մասին հուշագիր է կնքվել։
Իսկ ու՞ր է այդ փոխըմբռնումը
Հոլդինգի ներկայացուցիչներն ասել են, որ ուզում են վերականգնել գործարանը, որն արդեն ութ տարի է չի գործում, ու որտեղ սնանկության աճուրդ է ընթանում։ Հոլդինգն իր աշխատակիցներին էր ուղարկել գործարան, որ նրանք պարզեն` հին սարքավորումներից ինչ է մնացել ու ինչ է պետք ձեռք բերել։ Սակայն աուդիտորներին չեն թողել գործարան մտնել։
«Դրա համար պետք է սնանկության մասին դատավորությունը վարող դատավորի որոշումը։ Այն դեռ չկա։ Պետք է նաև, որ աուդիտորներն իրենց կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ցույց տան։ Որ երևա, որ նրանք աուդիտորներ են, այլ ոչ թե կողմնակի մարդիկ։ Մեզ դա ցույց չտվեցին։ Այսինքն` հենց իրենք են արհեստականորեն խանգարում գործընթացին։ Իսկ մենք ոչ մի ավելորդ բան չենք պահանջում։ Ամեն ինչ օրինական է», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երվանդ Պուրտոյանը`սնանկության գծով կառավարիչԿարեն Ասատրյանի ներկայացուցիչը։
Այս ամենի տրամաբանությունը հետևյալն է. եթե գործարանի գույքը աճուրդում է վաճառվում, ապա մինչ դրա սկսելը ոչ ոք չպետք է տեղեկություն ստանա, թե ինչ կա գործարանում։ Չէ որ այդ դեպքում նա աճուրդում առավելություն կստանա ու կառավարիչն ավելի քիչ գումար կվաստակի վաճառքից։ Իսկ նա պարտավոր է վերադարձնել գումարը վարկատուներին։
Տրամաբանությունը տրամաբանություն, իսկ օրե՞նքը
«Այդպիսի օրենք չկա։ Մեր ներկայացուցիչները կարող են առանց որևէ դատարանի թույլտվության գործարան մտնել։ Իսկ եթե կա, թող բացեն «Սնանկության մասին» օրենքն ու ցույց տան այդ հոդվածը», – ասաց գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը,–ես Ասատրյանին գրավոր հարցրել եմ այդ մասին։ Սակայն նա մեզ օրենքի հոդվածն այդպես էլ ցույց չտվեց ու նախկին պես չի թողնում գործարան մտնենք»։
Հուլիսի 20–ի նիստում հավաքվել էին սնանկ գործարանի վարկատուները, այդ թվում` «Հայբիզնեսբանկը», Երևանի ՋԷԿ–ը, ու «Գազպրոմ Արմենիան»։ Նրանք հավանություն են տվել աուդիտի գաղափարին ու հայտնել են, որ դա չի խանգարում սնանկության աճուրդին (այսինքն` պարտքերի վերադարձմանը)։
«Սնանկության գործընթացը կառավարող Կարեն Ասատրյանը նույնպես ներկա էր նիստին։ Հենց նա է այն նախաձեռնել։ Այն ժամանակ նա դեմ չէր։ Չէր խոսում ո՛չ դատարանի, ո՛չ էլ ինչ–որ ուրիշ բաների մասին։» Իսկ հիմա հանկարծ «հիշել է»։ Ու հիմա արդեն մեկ ամիս է չենք կարողանում մուտք գործել գործարան», – ասում է Իսրայելյանը, որը ներդրողներից աուդիտը կազմակերպելու երաշխավորագիր է ստացել։
Հնարավոր է` պետք է կառավարչին ցույց տալ ներդրողների հետ աուդիտորների պայմանագիրը։ Ինչի՞ վիճել օրենքի շուրջ։ Չէ որ ամենակարևորն այն է, որ գործն առաջ գնա։ Իսրայելյան այս հարցին իր մոտեցումն ունի։
«Իսկ ինչու՞ նրանք պետք է տեսնեն պայմանագիրն ու դրա պայմանները։ Դա կոմերցիոն գաղտնիք է։ Ներդրողներն ընտրել են մարդկանց ցանկը, ես ուղարկել եմ այդ ցանկը կառավարչին։ Այսինքն` ներդրողները վստահում են այդ մարդկանց։ Դա է կարևորը։ Ու կառավարչի համար ի՞նչ տարբերություն` նրանց պայմանագրերում ինչ կա», – ավելացրեց նա։
Իսրայելյանը խնդրել է սնանկության գործով դատավորին հիմնավորել նաև կառավարչի գործողությունները։ Սակայն օրերս նրա օգնականից պատասխան է ստացել. «Դատարանի որոշմամբ ձեր միջնորդագիրը չի քննարկվել»։
«Այսինքն` սնանկության գործով կառավարիչն ավելի քան մեկ ամիս է խոչընդոտում է աշխատանքին։ Իսկ հիմա դատարանն էլ հստակ պատասխան չի տալիս», – ասաց Իսրայելյանը։
Մինչդեռ գործարանում վաճառքը շարունակվում է։ Լավ, գոնե վաճառեին սեղանները, աթոռները, ավտոպարկը։ Գործարանն առանց դրա էլ կապրի։ Բայց…
«Վաճառվել են քլորի ու կծու սոդայի արտադրամասի ջերմափոխանակության ու տաքացնող սարքերը։ Մենք կարող ենք միայն մոտավորապես դատողություններ անել, քանի որ աճուրդի մասին ոչ մի տեղեկություն չենք ստանում», – նշեց Իսրայելյանը։
Ճիշտ է` գործարանում կա հանձնաժողով, որը որոշում է` ինչն է կարևոր արտադրության պահպանման համար, իսկ ինչը` ոչ (այսինքն` կարող է վաճառվել)։ Մի քանի ամիս առաջ աճուրդի էին հանել քացախաթթվի արտադրամասը։ Այն գնահատել էին ընդամենը մեկ միլիոն դոլար։ Թեև այն բաղկացած է կոռոզիայի հանդեպ դիմացկուն նիկելի ձուլվածքներից, ու նույնիսկ եթե մետաղաջարդոնը հաշվեին, արտադրամասը մի քանի անգամ ավելի թանկ կարժենար։
Ո՞վ ու ի՞նչ կարող է անել։ Գործարանի երկու խոշոր վարկատուները պետական են։ Դրանք Երևանի ՋԷԿ–ն է ու «Նաիրիտ – 2» են։ Վերջինիս միջոցով պետությունը վերադարձնում է այն գումարները, որտեղից մի քանի տարի չգործող գործարանի աշխատակիցներին աշխատավարձ էր վճարում։ Հիմա պետությունը հետ է պահանջում այդ գումարները։
Բայց ի՞նչ գնով։ Գործարանը վաճառելո՞վ։ Այնտեղ նույնիսկ վերջին տարիներին երեք հազար մարդ է աշխատել։ Այդ դեպքում մի՞թե չի կարելի հետաձգել պարտքի գոնե պետական մասի մարումը։ Մենք ակնկալում ենք այդ հարցի պատասխանը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, որը սնանկությունից առաջ համակարգում էր գործարանը։