Մաքսատուրքերը նվազել են. ԵԱՏՄ երկրներն ավելի հեշտությամբ կարող են նոր մեքենա ներկրել

2017թ. նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցվել էին 3%-ով՝ 23%-ից դառնալով 20%: Նվազման միտումը շարունակվելու է նաև ապագայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Այս տարվա սեպտեմբերի 1-ից արտասահմանյան արտադրության նոր մեքենաների` Մաքսային միության տարածք ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը կնվազի 3%-ով։ Ներկայիս 20%-ի փոխարեն այն կլինի 17%-ը: Հին մեքենաների`5-7 տարեկան, ներկրման մաքսատուրքը կլինի 22%:

ԵԱՏՄ անդամ երկրների համար կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը

Ինչպես գրում է Կոմերսանտը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն արդեն հրապարակել է համապատասխան որոշումը:

Մաքսատուրքերի նվազումը բացատրվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ Ռուսաստանի Դաշնության ունեցած պարտավորություններով: Այն կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղըզստանի տարածքում:

Նշվում է, որ 2017թ. նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցվել էին 3%-ով՝ 23%-ից դառնալով 20%: Նվազման միտումը շարունակվելու է նաև ապագայում: 2019թ. այդ ցուցանիշը 17%-ից կդառնա 15%: