Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու սցենար չի կարող լինել. Փաշինյան

Վարչապետը կարծում է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյան ի կողմնակիցները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հարցն ուղղել ժողովրդին։ Այսօր լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ մտահոգո՞ւմ է իրեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն։

«Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուրս եկեք փողոց և մարդկանց հարցրեք, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ հարցին: Ես չեմ որոշումներ կայացնողը, այդ կապակցությամբ որոշում կայացնողը ժողովուրդն է, և կարծում եմ, որ այդ հարցերը պետք է ուղղեք ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե Փաշինյանը տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանն ասաց. «Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Ես պարզապես ցանկացա ցույց տալ, որ հարկավոր է իրավիճակը գնահատել ռեալ՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն իր ղեկավարությամբ շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Անդրադառնալով հարցին, թե այդ իրավիճակում ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել, վարչապետը պատասխանեց, որ հավելյալ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Միանշանակ վերադարձել եմ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյան

«Պարզապես պետք է մարդկանց հետո խոսել, նրանց ներկայացնել իրավիճակը, օգնել, որ նրանք իրավիճակն ավելի ռեալ գնահատեն, ոչ մի հավելյալ քայլեր ձեռնարկելու կարիք չկա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ Նա պնդեց, որ իր վերադարձն անհրաժեշտ է, որովհետև Հայաստանի նոր իշխանությունը ոչ ադեկվատ ձևով է արձագանքում երկրի շուրջ ծավալվող իրադարձություններին։