Փաշինյանն ասաց, թե ինչն է խրախուսելու և ինչն է մերժելու այս կառավարությունը

ՀՀ վարչապետը Հայաստանում ներդրում կատարողներին հավասար պայմաններ և հարստանալու երաշխիք տվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Միշտ մի զլացեք և դրսի ներդրողներին ասեք, որ Հայաստանում երաշխավորվում է նրանց անվտանգությունը, մյուսների հետ հավասարությունը, որ այստեղ կա երաշխիք աճելու և հարստանալու համար։ Այս ուղերձը տնտեսական քաղաքականությանը նվիրված իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը գիտի` ինչպես ապահովել օտարերկրյա ուսանողների մուտքը հայաստանյան բուհեր

«Կառավարության պարտավորությունն է տնտեսական զարգացման համար նորմալ ենթակառուցվածքներ, հավասար պայմաններ ապահովելը։ Ես սա անվանում են տնտեսական զարգացման հեղափոխական մոդել։ Բայց նաև ամեն մեկը պետք է մտածի` ինքը ինչ կարող է անել տնտեսության զարգացման համար։ Կառավարությունը, այո, պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ, իր հասանելիքն անի, բայց այդ պայմաններում ամեն մեկն էլ իր քայլը, իր ներդրումը պետք է անի»,-կարծում է վարչապետը։

Նա նկատում է, որ այս ճանապարհին պետք է աշխատանքին կարևորություն տրվի։ «Մինչև հիմա Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որ իշխանությանը հեշտ լինի ընտրություններում գնել մարդկանց։ Ըստ էության, պետական քաղաքականությունը խրախուսել է չաշխատելը։

Այսօր ասում ենք` աղքատությունը չպետք է խրախուսել։ Մարդուն պետք է ոգևորել, որ նա չվախենա աղքատության նպաստից զրկվելուց։ Որ նա մտածի, որ ինքը կարող է արդյոք ստեղծել»,-խոստանում է Փաշինյանը։

Նա հիշում է, որ մեծ աղմուկ հանեց Տավուշի մարզում իր` գյուղացուն ոչխար պահելու խորհուրդը ու զարմանում` ինչ խորհուրդ պիտի տար Տավուշի մարզում։ «Երևի ոմանց տրամաբանությամբ` ես պիտի նրան խրախուսեի, որ աղքատության նպաստ ստանար։ Ոչ, այս կառավարությունը չի խրախուսելու աղքատությունը, այլ աշխատանքը»,-ընդգծում է վարչապետը։