ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հայաստանից պտուղ–բանջարեղենի արտահանումը տարեսկզբից աճել է մոտ 68%–ով և 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել 121. 2 հազար տոննա։ Այս մասին հայտնում է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
«2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից Ռուսաստան` շուրջ 114603 տոննա կամ 94.5 %»,–գրված է հաղորդագրության մեջ։
Հատկապես աճել է ծիրանի արտահանումը` 81.2%-ով կամ 51.6 հազար տոննա։
Արտահանման ընդհանուր կառուցվածքում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը կազմել է շուրջ 114603 տոննա կամ 94.5 %, մնացածն արտահանվել է Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Հոնկոնգ, Իրաք, ԱՄԷ, ԻԻՀ, Բելգիա, Ռումինիա, Մակեդոնիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինն առաջին կիսամյակում 93,4% է կազմել։