ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Լիսաբոնը հայտնի է քաղաքային յուրահատուկ մշակույթով, հատկապես եթե համեմատենք եվրոպական այլ մայրաքաղաքների հետ։ Այստեղ տեսարժան վայրերը շատ են, The San Francisco Examiner պարբերականը դրանց շարքում առանձնացրել է նաև հայ գործարար Գալուստ Գյուլբենկյանի հիմնած թանգարանը։
Նշենք, որ այնտեղ եվրոպական արվեստի հավաքածու կա, նաև արևելյան ու անտիկ արվեստի մի շարք հուշարձաններ, որոնք հավաքել է գործարար Գալուստ Գյուլբենկյանը։ Թանգարանը բացվել է միլիարդատիրոջ կտակի համաձայն 1969 թվականի հոկտեմբերի 2-ին ու սուբսիդավորում է ստանում նույնանուն հիմնադրամից։ Ընդհանուր առմամբ թանգարանում ավելի քան 6 հազար նմուշ կա, որոնցից միայն մոտ հազարն են ցուցադրվում։
San Francisco Examiner պարբերականի հոդվածում Գյուլբենկյանի թանգարանը հիշատակվում է «գտածոների» շարքում։
«Լիսաբոնում հիասքանչ թանգարանների պակաս չկա, բայց իհարկե պետք չէ անտեսել Գալուստ Գյուլբենկյանի թանգարանը։ Գյուլբենկյանը ծնվել է 1869 թվականին Կոստանդնուպոլսում (այժմ` Ստամբուլ)։ Կրթություն է ստացել Անգլիայում, բրիտանական հպատակ է դարձել, բայց տարիներ շարունակու ապրել է Եգիպտոսում ու Ֆրանսիայում է, հետո Երկրորդ համաշխարհայինի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայում, որտեղ և մնացել է մինչև մահ (1955 թ.)։ Նա ազդեցիկ նավթային մագնատ էր, արվեստի գործերի հարուստ հավաքածու ուներ, շռայլ բարերար էր։ Նա նաև հայտնի էր որպես «մսյո հինգ տոկոս». հենց այդքան էր Գյուլբենկյանը բաժին ստանում նավթային յուրաքանչյուր գործարքից», —գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակի խոսքով` «հավաքածուի ամենանշանավոր ցուցանմուշները Ցին տոհմին պատկանող հսկայական սկահակներ են, Լալիկի աշխատանքներին նվիրված սենյակը և եվրոպական գարնիտուրը, որին կնախանձեին նույնիսկ Նապոլեոնն ու Ժոզեֆինան»։
«Թանգարանը նաև ունեցել է պորտուգալական` 1965-1975 թվականների փոփ արվեստի հիանալի մի ցուցադրություն, որն արտացոլում էր այդ ժամանակաշրջանի գույների առատությունն ու քաղաքական ինտենսիվ բնույթը` սկսած գաղութային պատերազմներից մինչև «մեխակների հեղափոխություն»։ Այնտեղ է նաև հիասքանչ այգին, որտեղ մի քանի քանդակ ու բազում բադեր կան», — նշվում է հոդվածում։
Նշենք, որ եվրոպական գեղանկարչության հավաքածուում կարևոր տեղ ունեն 1930-ական թվականներին Էրմիտաժի հավաքածուի վաճառքից Գալուստ Գյուլբենկյանի ձեռք բերած գործերը (Ռուբենս, Ռեմբրանդտ, Դիրկ Բոուտս)։ Թանգարանում արժեքավոր տեղ ունեն արևմտաեվրոպական կահույքի և 18-րդ դարի դեկորատիվ-կիրառական առարկաներ, միջնադարյան ձեռագրեր, կովկասյան և պարսկական գորգեր և Ռենե Լալիկի կողմից զարդարված հավաքածուները։ Ցուցանմուշներում կան նաև հին Եգիպտոսի և Միջագետքի հուշարձաններ, կերամիկա, նաև՝ հայկական մշակութային գործեր։