ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ և 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաև խորհրդարանի կողմից:
Սահմանադրության 202–րդ հոդվածի 2–րդ մասում նշված է, որ ԱԺ–ն Սահմանադրությունում փոփոխություններ կարող է անել «պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։ Համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի։
Եթե սույն հոդվածի 2–րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ–ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի։
Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի:
Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ, 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրներին»: