ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Գերմանիան ցավում է, որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին արգելել են մուտք գործել Ադրբեջան։ Վայլերը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կովկասյան երկրներ իր այցի ժամանակ։ Այս մասին լրագրողներին ասել է ԳԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերտը։
Նշենք` Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակն» անընդհատ ավելանում է. այս անգամ Արցախ այցելելու համար պաշտոնական Բաքուն Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին արգելել է մուտք գործել Ադրբեջան։
«Ադրբեջանական իշխանությունների դիրքորոշումը սխալ է ու չի նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությանը», – ասել է Զայբերտը։
Նրա խոսքով` պատգամավորն այդ հանգամանքների ֆոնին որոշեց հրաժարվել Ադրբեջան այցելել։
«Նա ուղեկցելու է կանցլերին միայն Վրաստանում ու Հայաստանում։ Կանցլերը երեկ խոսել է նրա հետ և բարձր գնահատել տարածաշրջանում նրա ակտիվ աշխատանքը», – ասել է Զայբերտը։
Ավելի վաղ գերմանական Bild-ը հայտնել էր, որ ր 52–ամյա Ալբերտ Վայլերը Գերմանիայի Քրիստոնեա-ժողովրդավարական միության, մասնավորապես Անդրկովկասի հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ է։ Նա Գերմանիայի կառավարության պատվիրակության անդամների ցանկում էր ու երկու անգամ այցելել է Արցախ` 2014 ու 2016 թվականներին։
Պարբերականի տվյալներով` Գերմանիայի ԱԳՆ–ն օգոստոսի 20–ին ամբողջ օրը շփվել է Ադրբեջանի դեսպանատան հետ ու ապարդյուն փորձել է շտկել Վայլերի վիզայի հետ կապված խնդիրը։
Մինչդեռ գերմանացի խորհրդարանականն ասում է, որ նա անտարբեր չէ տարածաշրջանի ճակատագրի հանդեպ ու հաճույքով հասնես կգար խնդիրներից մեկի կարգավորման միջնորդի դերում։
Հիշեցնենք` այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Վրաստան, Հայաստան ու Ադրբեջան։