ՀՀԿ–ն չի հուզվում հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրով, այլ մտահոգվում է. Շարմազանով

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտահոգվելու տեղիք են տալիս, Sputnik Արմենիային ասաց ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Փաշինյանի արտաքին քաղաքականության հարյուր օրերը. ինչպիսի՞ ափերի մոտ է լողում Հայաստանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը միայն զարգացնելու են հարաբերությունները։ «Վերջին շրջանում ինչ ասես չեն խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին ։ Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, թե ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչպես արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է»,- ասել էր վարչապետը։

Նա հիշեցրել էր, որ այս ընթացքում երկու անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և երեք անգամ ունեցել է հեռախոսազրույց։

«Փաշինյանը կարող է վկայակոչել ինչ ցանկանում է՝ հեռախոսազրույց, հանդիպումներ, համատեղ ճաշեր ու ֆուտբոլի առաջնությանը պատվավոր տեղում հայտնվելը և այլն։ Բայց իրականում դա չէ կարևորը. Կարևորն արդյունքն է, իսկ արդյունքը Ռուսաստանի ԱԳՆ֊ի ու Լավրովի կոշտ գնահատականն էր ՀՀ նոր իշխանությունների քաղաքականության վերաբերյալ և նույն Փաշինյանի ոչ ադեկվատ ու անհաջող պատասխանը։ Եվս մեկ բան. հայ-ռուսական հարաբերությունների ապագա ճակատագրով մենք ոչ թե հուզվում ենք՝ ինչպես ինքն է նշել հանրահավաքին, այլ մտահոգվում ենք, քանի որ կրկնում եմ մտահոգվելու պատճառներ կան»,- Sputnik Արմենիային ասաց Շարմազանովը։

Նրա կարծիքով` Փաշինյանն ավելի շատ է հուզվում և սխալը սխալի հետևից է կրկնում։ «Կենաց ասելով միջազգային հարաբերություններ չեն կառուցում և ինչպես ասում են. «В политике главное не болтовня,а эффективность..»»,- ասաց նա:

Հանրահավաքի ժամանակ Փաշինյանն ասել էր նաև, որ շուտով հայտնի կդառնա հայ-ռուսական հումանիտար նախագծի մասին, որը, նրա խոսքով, աննախադեպ է մեր նորանկախ երկրի պատմության մեջ։ Ըստ նրա` դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ Հայաստանը գնում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։