Հայ–ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է. Փաշինյան

Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հայ–ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը միայն զարգացնելու են հարաբերությունները։ Այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել նրանք

«Վերջին շրջանում ինչ ասես չեն խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին ։ Այսօր ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը համարյա արցունք էր թափում, թե ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչպես արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակը ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների` վատ լինելու մասին ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում երկու անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ և երեք անգամ ունեցել է հեռախոսազրույց։

«Կարող եմ ասել, որ հայ-ռուսական հարաբերություններ ոչ միայն վատ չեն, այլև լավ են և գնալով ավելի ու ավելի լավանալու են։ Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու, մեր քաղաքականությունը, մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է, նոր մակարդակի բարձրացնելը։ Երեք ամիս առաջ ես խոստանում էի, որ հայ-ռուսական հարաբերություններն անցնելու են նոր մակարդակի»,- ասաց նա։

Փաշինյանը խոստացավ, որ շուտով հայտնի կդառնա նաև հայ-ռուսական հումանիտար նախագծի մասին, որը, նրա խոսքով, աննախադեպ է մեր նորանկախ երկրի պատմության մեջ։

«Դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- շեշտեց նա։

Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանը ոչ մի տեղ չի գնում, ամուր կանգնած է իր ոտքերի վրա, ուղիղ ողնաշարով, հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է և զարգանալու։ Նա ավելացրեց, որ Հայաստանը զարգացնելու է հարաբերությունները նաև ԵՄ-ի հետ։