Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը Հանրապետության հրապարակում վստահեցրեց, որ որևէ մեկը չի խուսափելու Մարտի 1-ի դեպքերի ժամանակ քաղաքացիներին սպանելու պատասխանատվությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, իրենց տեղը բանտում են, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, որևէ մեկը չի հարցնում, որ քաղաքական հետապնդման զոհ եք, հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սա հստակ դասական քաղաքական հետապնդման մոդել է. Ռոբերտ Քոչարյանը` իր գործի մասին

«Թե՞ մենք ձևերը չգիտենք` ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել։ Ես հպարտ եմ, որ մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից։ Դա չի նշանակում, որ որևէ մեկին թույլ են տալու խուսափել պատասխանատվությունից։ Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 քաղաքացիներին սպանելու պատասխանատվությունից։ Այդպիսի բան չի կարող լինել։ Նստելու եք բոլոր մարդասպաններով։ Ես սա լիազորված եմ հայտարարել ՀՀ քաղաքացիների անունից»,- շեշտեց վարչապետը։

Նա վստահեցրեց` Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է, չկա տարբերակ, որ ոճրագործներից որևէ մեկը խուսափի պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ վարչապետն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում։