Ի՞նչ է խոսել Ռոբերտ Քոչարյանը դատարանում. փաստաբանը մի հատված հրապարակեց նրա ելույթից

Փաստաբանը վստահեցնում է, որ Հայաստանի նախկին նախագահի` 2008 թվականի մարտին կայացրած որոշումները չեն վերաբերում զորքի կիրառմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահը երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշումը կայացնելիս հաշվի է առել Ադրբեջանի փորձը։ Այսօր լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Քոչարյանը կօգտվի Փաշինյանի համախոհների սխալներից

Ալումյանի խոսքով` Քոչարյանը դատարանում հիշեցրել է 90-ականներին Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը։

«Քոչարյանը դատարանում ասաց, որ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփական փորձը չէր, մեր թշնամու փորձն էր: Ո՞րն է դա: Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու: Քոչարյանը դատարանում ասաց` «մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գործողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին», — ասաց Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։