Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լքել երկիրը. պարզաբանում է քննչական մարմնի ղեկավարը

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն առաջվա պես կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքի տակ գտնվի։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողներին։

«Հուսով եմ՝ գլխավոր դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը, և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությունը», — հայտնեց Խաչատրյանը։

Օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ էին արձակել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սակայն պետական մեղադրանքը դեռ հանված չէ և բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։

Քոչարյանը կօգտվի Փաշինյանի համախոհների սխալներից

Հարցին` Քոչարյանը երկիրը լքելու իրավունք ունի, թե ոչ, ՀՔԾ պետը պատասխանեց` ներկա պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց

Նշենք, որ Քոչարյանը մեղադրանքները կեղծված քաղաքական հետապնդում է համարում։ Ըստ նրա`դա կարող է կապված լինել ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին քաղաքական գործընթացներին նրա մասնակցությունը չեզոքացնելու ցանկության հետ։

«Մարտի 1-ի» գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, որը 2008 թվականին ծառայում էր ՀՀ ԶՈՒ-ում։ Խաչատուրովին ազատ են արձակել գրավի դիմաց, նա գտնվում է Մոսկվայում, Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։