ՌԱԴԻՈ

Շարմազանով.«Նոր իշխանությունը երկիրը կառավարում է նեոբոլշևիկյան եղանակով»

Այս 100 օրվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ մենք ոչ թե կառավարություն ունենք, այլ հեղափոխական կոմիտե, որը ջնջում է մինչ իրեն եղած ամեն ինչը և կառավարում է երկիրը նեոբոլշևիկյան եղանակով։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Ամփոփելով նոր կառավարության 100 օրը` Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀԿ-ի մամուլի քարտուղար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Թե՛ ներքին, թե ՛արտաքին քաղաքականությունում հիմնականում Փաշինյանի վարչակարգը ցույց է տվել, թե ինչպես պետք է փչացնել հարաբերությունները, թե ինչպես պետք չէ կառավարել։

Անցած 3 նախագահների կառավարման շրջանում մեր հստակ արտաքին քաղաքական ուղղվածությունը եղել է դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, հիմա հայ–ռուսական հարաբերություններին բավականին լուրջ փորձություն է սպասվում։ Այս 100 օրվա ընթացքում նոր իշխանությունը մունաթ է եկել Եվրոպայի վրա, ասել` մենք ավելի շատ փող էինք սպասում, նաև լուրջ տարաձայնություններ ստեղծել հայ–ռուսական հարաբերություններում։

Այսօրվա ղեկավարն իր առաջին ասուլիսում հայտարարում է, որ Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է, ինչը տարիներ շարունակ ասել է Ադրբեջանը` տարբեր հարթակներում»,–ասում է Շարմազանովը։

Նա նշում է նաև, որ, իհարկե, կարևոր են կոռուպցիայի դեմ պայքարն ու արդարադատության հաստատումը, բայց չի կարելի քաղաքական վրեժխնդրության քողի տակ պայքարել կոռուպցիայի դեմ։

«Նաև կա քաղաքական տեռոր այլախոհության նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում հասարակությունը բաժանել հեղափոխականների ու հակահեղափոխականների»,–հարց է բարձրացնում Շարմազանովը։