Ռուսաստանը ստրատեգիական երկիր է, առանց որի մեր պաշտպանության հարցը վտանգի տակ է. Քոչարյան

ՀՀ 2–րդ նախագահի դիտարկմամբ` նոր իշխանությունները չեն պատկերացնում իրական աշխարհաքաղաքական վտանգները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 Օգոստոս — Sputnik. Մեծ մտահոգություն է, երբ ՀՀ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է հարմարվի Հայաստանին։ Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միանշանակ վերադարձել եմ քաղաքականություն». Ռոբերտ Քոչարյան

«Ու սա ասվում է Ռուսաստանին։ Իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այս լեզվով խոսել։ Այն մեզ համար ստրատեգիական երկիր է, առանց որի մեր պաշտպանության հարցը վտանգի տակ է»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի տպավորությամբ` նոր իշխանությունները չեն պատկերացնում իրական վտանգները, անում են հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր։

«Այն գինը, որը նման սխալների համար տալիս են, շատ ծանր է, ես այդ հարցերում ունեմ մտահոգություն։ Դու պատասխանատու ես այս երկրի, այս ժողովրդի, Արցախի համար։ Արժանապատվության քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մի նժարի վրա, մյուս նժարի վրա մարդկանց կյանքն է, Ղարաբաղն է»,–նշեց Քոչարյանը։

Նրա դիտարկմամբ` փորձում են սև ու սպիտակի վերածել քաղաքական դաշտը։ Ու սա մտածված է։