Հայկական ակումբները դուրս մնացին Եվրոգավաթի խաղարկությունից

Երևանի «Ալաշկերտն» ու «Փյունիկը» պարտվեցին Եվրոպայի լիգայի խաղարկության պատասխան խաղերում` համապատասխանաբար «Կլուժին»(0:5) և Թել Ավիվի «Մաքքաբիին»(1:2) ու դուրս մնացին Եվրոգավաթի խաղարկությունից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայկական երկու ակումբները՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը», անցկացրեցին Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները: Մեր առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժ» թիմից: Ընդ որում, ռումինացիները  ջախջախեցին «Ալաշկերտին» պատասխան խաղում հաղթանակի հասնելով՝ 5:0  և ընդհանուր 7:0 հաշվով:

Վառ ու գունեղ. «Փյունիկը» հավասար արդյունքով ավարտեց իսրայելական «Մաքքաբիի» հետ հանդիպումը

Անհամեմատ ավելի հաջող խաղաց Երևանի «Փյունիկը»: Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ առաջին խաղում ոչ-ոքի՝ 0:0 արդյունքի հասնելով`  Իսրայելում «Փյունիկը» առաջին խաղակեսի ավարտից հետո հաղթում էր մրցակցին նվազագույն՝ 1:0 հաշվով:

Դենիս Վոյնովի գնդակը շատ օպտիմիստական տրամադրություն էր հաղորդել հայ ֆուտբոլասերին: Սակայն պատմական արդյունքի` այն է փլեյ օֆֆ դուրս գալու, հայկական թիմին չհաջողվեց: Երկրորդ կեսում «Մաքքաբին» 15 րոպեի տարբերությամբ երկու գնդակ ուղարկեց մեր թիմի դարպասը:

Չնայած «Փյունիկի» խաղացողների նվիրվածությանն ու պայքարելու բուռն ցանկությանը, այնուամենայնիվ, «Մաքքաբիի» ավելի բարձր կարգը իրեն զգացնել տվեց: Հանդիպման վերջնամասում մեր ֆուտբոլիստները, լարելով բոլոր ուժերը, փորձում էին խուսափել պարտությունից: Եվ արդյունավետ ոչ-ոքին մեր թիմի համար հավասարազոր էր հաղթանակի: Սակայն պատմական նոր արդյունքի հասնել չհաջողվեց: «Փյունիկն» էլ լքեց եվրոպական  մրցասպարեզը: