Իրավապահ մարմինները ցանկացած պետության սյուներից մեկն են։ Իրավապահ համակարգում հարուցված գործերի հետ կապված իրավիճակի, աշխատակիցների բարոյական-կամային և պրոֆեսիոնալ որակներով կարելի է դատողություններ անել երկրի ներսում տիրող իրավիճակի մասին։ Կասկածի տակ չդնելով հայ ոստիկանների պրոֆեսիոնալիզմը` ստիպված եմ փաստել, որ այսօր մեր ոստիկանությունը որոշակի շփոթմունքի մեջ է։
Ոստիկանությանը հանկարծակին են բերել, և երեկ տեղի ունեցած դեպքը դրա վառ ապացույցն է։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնեց, որ «կանանց զգեստներ հագած տղամարդկանց խումբը քաշքշուկ է հրահրել Երևանի ոստիկանության բաժնի մոտ և մարմնական վնասվածքներ հասցրել աշխատակիցներին»:
Ոստիկանության բաժանմունք ահազանգ էր ստացվել այն մասին, որ քաղաքապետարանի դիմաց գտնվող «Կոմայգի» կոչվող այգում, որտեղ հավաքվում են ԼԳԲՏ ներկայացուցիչները, քաղաքացու են ծեծել։ Այնուհետև հաղորդում էր ստացվել, որ մի քանի մարդու են ծեծի ենթարկել մերձակայքում գտնվող հյուրանոցում։ Ոստիկանության աշխատակիցներին զանգահարողները հայտնել էին, որ նրանք համասեռամոլներ են, և նրանց տղամարդ է ծեծել։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները վիրավորող անձին ոստիկանության բաժին էին տեղափոխել մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով։ Այնուհետև սկսվել էր ամենահետաքրքիրը։
«Այսպես կոչված «տուժած» կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել: Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց: Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չգնահատվեց և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ոստիկանության երկու ծառայողի մարմնական վնասվածքներ են հասցել, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում տղաների հոգու խորքում։ Կարևոր չէ, թե ով է ոստիկաններին վնասվածք հասցրել, կարևորն այն է, որ երեկվա անհնարինն այսօր հնարավոր է դարձել։ Եվ դա հենց այնպես չէ։
Հարձակվել են ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների վրա և մարմնական վնասվածք հասցրել։ Սա լուրջ հանցագործություն է համարվում, որի համար կոնկրետ պատիժ է սպառնում։
Անձամբ ինձ` երկրի ազնիվ հարկատուներից մեկին, որի միջոցներով է նաև պահվում ոստիկանության աշխատակազմը, հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք հարձակվողները օրենքի խստությամբ կպատժվեն, թե ոչ, և արդյո՞ք այդ մասին հայտնի կդառնա լայն հանրությանը։
Ինչո՞ւ է սա պարտադիր իմանալ` անկախ անձանցից, քաղաքական հայացքներից և հարձակվողների սեռական նախասիրություններից։ Որովհետև եթե այդ հանցանքի համար նրանք պատիժ չկրեն, ոստիկանության համբավը լուրջ հարված կստանա։ Քանի որ ոչ մեկն իրավունք չունի հաշվեհարդար տեսնել օրենքի ներկայացուցիչների նկատմամբ, այլապես դա պետական բոլոր կառույցների հեղինակությունը վարկաբեկող ճանապարհ կդառնա և հետևաբար քաոսի կհանգեցնի։
Վերջերս ստիպված էի գրել այն մասին, որ հասարակական-քաղաքական փոփոխությունների ֆոնին, հին համակարգի տապալման և նոր համակարգի կայացման անցումային շրջանում, միշտ թափ են հավաքում այն ուժերը, որոնք ձգտում են հասարակությանն ի վնաս գործել, ի վնաս նրա ամբողջականության ու համախմբվածության, որոնք ձգտում են պառակտում մտցնել և խորացնել առկա հակասությունները կամ ծնել նորերը։
Երեկ նրանք սադրում էին Սյունիքի մարզում գտնվող նահապետական Շուռնուխ գյուղի բնակիչներին, այսօր արդեն սադրանքներ են իրականացվում ոստիկանության դեմ։ Իսկ ինչ վերաբերում է որոշակի շփոթվածությանը, ապա հնարավոր է, որ հաշվի առնելով ցանկացած մարգինալ խմբի` հասարակ քաղաքացիներից ավելի մեծ իրավունքներ կորզելու լկտի ցանկությունը, նրանց կարող են հանգիստ բաց թողնել։
Ոստիկանությունում, օրինակ, կարող են գերադասել պարզապես գլուխ չդնել` հաշվի առնելով այն ակտիվությունը, որով նման «գործիչներին» պաշտպանում են ոչ միայն նման մարգինալ միությունները, այլև արևմտյան դեսպանատները։ Միևնույն ժամանակ աչք փակելով նրանց կողմից իրականացրած ակնհայտ անկարգությունների վրա։
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ճանաչում են բոլորը, և կարծում եմ` չեմ սխալվի, եթե ասեմ, որ նաև հարգում են նրան։ Այստեղ Օսիպյանին ուղղված ներբողներ չեմ գրի. նա դրա կարիքը չունի, առավել ևս, որ նրա պրոֆեսիոնալ գործունեությունը երևանաբնակների աչքերի առաջ է անցել։
Լավ կլիներ` այս գործը մինչև վերջ գլուխ բերվեր, պարզվեր, թե կոնկրետ ով և ինչու էր որոշել ծեծել համասեռամոլներին, ինչ պատճառով։ Եվ միևնույն ժամանակ չբացառել միջադեպը բեմադրելու հնարավորությունը, սադրանքի տարբերակը, որը կազմակերպվել էր հենց ֆիզիկական ներգործության մեթոդով ոստիկանության հետ զրուցելու հնարավորությունը շոշափելու նպատակով։
Կուզեի համոզված լինել, որ երկրում օրենքը բոլորի համար է, և որևէ մեկն ավելի մեծ իրավունքներ չունի։ Կուզեի համոզված լինել, որ նրանք, ովքեր հարձակվել են ոստիկանների վրա և վնասվածքներ հասցրել, կպատասխանեն օրենքի ամբողջ խստությամբ։ Որ ոստիկանապետը թույլ չի տա նեղացնել իր ենթականերին, իսկ դա հիմա ցանկացած կազմակերպությունների, ներկայացուցչությունների և դեսպանատների բոլոր արձագանքներից ավելի կարևոր է։