ԱԱԾ–ի նախկին աշխատակիցն օգնել է ազատվել զինվորական ծառայությունից. մանրամասներ

Պաշտոնյան օժանդակել է, որ երիտասարդը 15 հազար դոլարի դիմաց տարկետում ստանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր, երեք անձանց ձերբակալել են։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից

Հետաքննության և նախաքննության մարմինների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ.-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:

2018թ. օգոստոսի 13-ին Ա.Ա.-ն ձերբակալվել է: Հաջորդ օրը ձերբակալվել է նաև Շ.Ղ.-ն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն 2000թ. ծնված Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Կ.Հ-ից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ս.Ա-ն Կ.Հ-ին ծանոթացրել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ի հետ, ով օժանդակել է քրեական գործով դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից նույն՝ Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար խոշոր չափի՝ 800 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն: Արդյունքում, Է.Հ.-ն, Կ.Հ.-ի օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

Զինվորին ոչ հարիր վարտիքներ. ի՞նչ է գտել ՊՆ–ն զորամասերում

2018թ. օգոստոսի 14-ին ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն ձերբակալվել է: Կ.Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում 2000թ. ծնված Հ.Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Հ.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինից խոշոր չափերով՝ 388.320 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, ինչի արդյունքում Հ.Մ.-ն օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

Հ.Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել դեպքերի բոլոր մանրամասները, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ի կողմից այլ հանցավոր գործողությունների հանգամանքները: