ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի հասարակությունը, մասնավորապես, այնտեղ ապրող հայերը դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Արևմտահայկական ազգային կոնգրես» կազմակերպության խորհրդի անդամ Արագած Ախոյանը` ամփոփելով Թուրքիա կատարած այցի արդյունքները։
Որոշ օղակներում նույնիսկ կատակով ասում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է Թուրքիա գործուղել, որպեսզի նա այնտեղ էլ հեղափոխություն անի, նշեց Ախոյանը։
Միաժամանակ քաղաքական գործիչը կարծում է, որ գործող իշխանությունը զբաղված է «ապամոնտաժմամբ, այլ ոչ թե շինարարությամբ, բայց պետք է աշխատանք սկսել` ուղղված երկրի զարգացմանը»։
Ախոյանը նշեց, որ Թուրքիայի հայերի շարքում կարոտ է զգացվում ազգային արժեքների ու մշակույթի նկատմամբ։ Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թուրքիա այցեր կազմակերպելու մասին, սակայն դրանք այժմ պետք է հաստատվեն մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կողմից։
Հնագետ Հակոբ Սիմոնյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում բարդ շրջան է։ Բոլոր պաշտոնյաները փորձում են գտնել իրենց և մատնանշել նախորդների սխալները, իսկ դա կարող է խանգարել երկրում ստեղծված շանսն իրագործելուն։ Հնագետը համոզված է, որ ներկա քաղաքական գործիչները պետք է գիտակցեն քաղաքական գործընթացներում մշակութային կապերի կարևորությունը։
Նրա խոսքով` աշխարհագրությունը ստիպում է Հայաստանին ու Թուրքիային որոնել իրար կողք խաղաղ ապրելու ուղիներ, և հենց մշակույթը կարող է կամուրջ դառնալ երկու երկրների հասարակությունների միջև։ Հայաստանի մտավորականության, մշակույթի գործիչների այցերը, ինչպես նաև նրանց կողմից կազմակերպած միջոցառումները նպաստում են ազգամիջյան երկխոսության զարգացմանը և օգնում քաղաքական գործընթացներին, կարծում է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 2009թ.–ին ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Բայց ինչպես հայերը, այնպես էլ թուրքերն այցեր են կատարում երկու ուղղություններով, հիմնականում զբոսաշրջային նպատակով։