Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո երաժշտական յուրահատուկ ալիք է բարձրացել. «Թավշյա ռեփի» նման հիթեր գրելուց բացի, ոմանք նաև համաշխարհային հիթերի բառերն են փոխում և ներկայացնում արդիական համատեքստով։
Այս անգամ երգել են Սպիտակցի Հայկոյի` աշխարհի տարբեր երկրներում հայտնի «Մի գնա» մեգահիթը։
Տեսանյութը, որում աղջիկը երգում է «Մի գնա» երգի տարբերակներից մեկը, Facebook-ի իր էջում հրապարակել է օգտատեր Ռուբեն Մուրադյանը։
«Քեզ խնդրում եմ, մի գնա, միտինգից դու մի գնա։ Ոստիկան մի վախենա, Նիկոլը միշտ մեզ հետ ա։ Աչքերդ լայն բաց արա ու դեպի մեզ քայլ արա», — երգում է աղջիկը։
Ավելի վաղ նույն օգտատերը հրապարակել է, թե ինչպես է երգում պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիի Despacito հայտնի հիթը։ Ընդ որում` հայկական տարբերակը նվիրել են վարչապետ Փաշինյանին և, իհարկե, երգել հայերեն։